Մատչելի հղումներ

Մեքսիկայի նախագահը պնդում է, որ չի քննարկել սահմանային պատի հարցը նախագահ Թրամփի հետ


ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները քննարկել են երկկողմանի հարաբերությունները օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Սպիտակ տունը: Հեռախոսազրույցին անդրադարձավ նաև Մեքսիկայի նախագահը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Մեքսիկայի նախագահ Անդրեաս Մանվել Լոպեզ Օբրադորը հինգշաբթի հայտարարել է, որ չի քննարկել սահմանային պատի հետ կապված որևէ հարց իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ վերջերս երկու նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Այս հայտարարությունը Մեքսիկայի նախագահն արել է ավելի քիչ քան մեկ ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել է, որ մեքսիկական կողմը վճարում է սահմանային պատի դիմաց առևտրային համաձայնագրի վերաբանակցման արդյունքում ամերիկյան կողմի համար ստեղծված ավելի բարենպաստ պայմանների միջոցով:

Մեքսիկայի նախագահն ասել է, որ հեռախոսազրույցն անցել է փոխադարձ հարգանքի և բարեկամական մթնոլորտում առանց սահմանային պատի վերաբերյալ որևէ քննարկման:

«Մենք որևէ կերպ չենք արնդրադարձել այս հարցին»,- հայտարարել է նախագահը:

Հիշեցնենք, որ երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցը կայացել է չորեքշաբթի օրը, որի ընթացքում նրանք քննարկել են ներգաղթի ու Մեքսիկայի նախագահի առաջարկած նախաձեռնության հետ կապված հարցեր, ըստ որի, Կենտրոնական Ամերիկայի երկրների համար անհրաժեշտ է ստեղծել Մարշալի ծրագրի նման նախաձեռնություն:

«Եթե Կենտրոնական Ամերիկայում և մեր երկրում լինեն ներդրումներ, լինեն աշխատատեղեր և զարգացում, մենք կկարողանանք դիմակայել ներգաղթ երևույթին: Դա ամենամարդասեր և արդյունավետ ճանապարհն է այս խնդրի լուծման համար»,- ասել է Մեքսիկայի նախագահը:

Երկու երկրները շարունակում են երկխոսությունը ներգաղթյալների քարավանի շուրջ, ըստ որի, Կենտրոնական Ամերիկայից եկած ներգաղթյալները զանգվածաբար փորձում են ապաստան գտնել Միացյալ Նահանգներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG