«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգները ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին եւ այլ փոքրամասնություններին:
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում եւ կրոնական կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել:
«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն եւ ամեն կերպ նյութական եւ բարոյական օգնություն տրամադրի նրանց», - Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում եւ Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների եւ եզդիների միջեւ.
«Նրանք, ովքեր գաղթական են եւ ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արեւելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված.
«Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, եւ բարեկամներդ են»:
Facebook Forum