Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օրերս նշում էր իր հիմնադրման 86- տարին: Տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցեցին հանդիսավոր միջոցառմանը:
Միջոցառմանը նախորդել էր եկեղեցական պատարագը, որը մատուցեց Միացյալ Նահանգներում Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Ֆինդիկյանը: Պատարագի ընթացքում աղոթք բարձրացվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակացությամբ և հարգանքի տուրք մատուցվեց զոհերի հիշատակին:
Եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը կարևորում է նման միջոցառումների անցկացումը վաշինգտոնահայ համայնքային կյանքում:
«Շատ լավ առիթ էր մեզ համար հյուրընկալելու մեր առաջնորդին ու մեր նորանշանակ դեսպանին, ովքեր այստեղ համայնքի ներկայացուցիչների հետ միացան մեզ: Ամեն տարի նշում ենք դեկտեմբեր ամսին այս գեղեցիկ առիթը»,- ասում է Հովսեփ քահանա Կարապետյանը:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում 1932 թվականին՝ իր շուրջը համախմբելով տեղի հայ համայնքին: Եկեղեցու հոգևոր հովիվն ընդգծում է եկեղեցու կարևոր տեղը համայնքի հոգևոր կյանքում և ունեցած շարունակական ներդրումը հայապահպանության գործում, հատկապես կրթական նախաձեռնությունների միջոցով: Այսօր եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են 80-ից ավելի սաներ, ովքեր ելույթով հանդես եկան միջոցառման ընթացքում: Ակտիվ են նաև երիտասարդական կազմակերպությունները, եկեղեցին իրականացնում է կարճաժամկետ և երկարաժեմկետ մի շարք ծրագրեր:
«Մեր հայրենիքից հեռու եկեղեցու նպատակն է որդեգրել ոչ միայն արմատացնելու հավատքը, այլև կրթելու նոր սերնդներին, իրենց հայեցի դաստիարակելու, որպեսզի չկորցնեն իրենց մեջ հայ մշակույթը և ինքնությունը»,- ասում է քահանա Կարապետյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով ընդգծեց Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող հայկական եկեղեցիների առանձնահատուկ դերը:
Իսկ միջոցառման վերջում ներկաներին իր եզրափակող խոսքն ուղղեց առաջնորդ Դանիել Ֆինդեկյանը, ով ևս ընդգծեց եկեղեցու ու համայնքի միասնականության կարևորությունը և երախտագիտություն հայտնեց եկեղեցու աջակիցներին:
Հավաքի ընթացքում Սուրբ Մարիամ Աստվածածնի մի շարք աջակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր եկեղեցու գործունեության հարցում վերջիններիս ունեցած ներդրման համար:
Facebook Forum