Մատչելի հղումներ

Ամերիկյան փորձագետները՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ


Ամերիկյան փորձագիտական շրջանակներն անդրադառնում են Հայաստանում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը:

Նախկին դեսպան Ջոն Հերբսթը դրական է գնահատում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծում Նիկոլ Փաշինյանի դերն այս հարցում:

«Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաքելությունը դրական զարգացում է երկրի համար: Տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները»,-ասում է դեսպան Հերբսթը:

Իր հերթին Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոսկին ընդգծում է, որ ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն կարևոր է իշխանության նկատմամբ վերահսկողության հաստատումը:

«Ակնհայտ է Փաշինյանի հաջողությունը ընտրություններում, սակայն հույս ունեմ , որ նրա մեծամասնությունը չի լինի ճնշող, քանի որ նրա իշխանությանը անհրաժեշտ է հավասարակշռող ուժի ներկայություն»,-նշում է փորձագետը:

Նա հույս է հայտնում, որ այլ քաղաքական ուժերին կհաջողվի սահմանել կարևոր այդ վերահսկողությունը քաղաքական մեծամասնության նկատմամբ:

Անդրադառնալով նախկինում իշխանություն հանդիսացող Հանրապետական կուսակցության ճակատագրին, որը ցանկանում է դառնալ Փաշինյանին հիմնական ընդդիմադիր ուժ, Սթրոնսկին գտնում է, որ այն շարունակում է որոշակի դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում:

«Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը, չնայած հեռացվեց իշխանությունից Հայաստանում, սակայն զարմանալիորեն պահպանեց միասնությունը և որոշակի ազդեցությունը, ուստի չեմ կարծում, որ այն ամբողջապես կարող է հեռացվել քաղաքական դաշտից»,- կարծում է Փոլ Սթրոնսկին:

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շարքում ամերիկացի փորձագետներն առանձնացնում են նախկին կոռումպացված համակարգի գոյությունն ու ապագայում կոռուպցիոն ռիսկերի բացառումը:

«Ինչպե՞ս վարվել նախկինից մնացած կոռուպցիոն ժառանգության հետ առանց դրա վերարտադրության: Դա կարևոր մարտահրավեր է: Ինչպե՞ս անել դա արդարացի ու ինչպե՞ս անել դա քաղաքականապես ակտիվ ու անկայուն միջավայրում»։

Փորձագետը ընդգծում է այս ընտրությունների առանձնահատկությունը է կապված քաղաքական սերունդափոխության հետ, որն ըստ վերլուծաբանի նոր հնարավորություններ է ստեղծում երկրում:

«Ինձ համար չափազանց ոգևորիչ է երիտասարդ գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավումը քաղաքական կյանքում»,- ասում է Սթրոնսկին:

Վերլուծաբանները կարևորում են արդար ընտրությունների անցկացնելու փաստը, որը կնպաստի երկրում ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը:

«Հույս ունենանք, որ այս ընտրությունները կլինեն ազատ և ժողովրդավարական»,- ասել է դեսպան Հերբսթը:

«Վերջին վեց ամիսներին առկա էր մեծ ոգևորություն և աջակցություն Փաշինյանին: Նա կարողացավ հմտորեն օգտագործել փողոցում առկա շարժումը և այժմ անհրաժեշտ է այս ոգևորությունը դուրս բերել փողոցից և վերածել ժողովրդավարական նորմերի համակարգի, և հուսանք այս ընտրությունները կօգնեն այն ստեղծելու հարցում»,- ասում է Սթրոսկին:

Ինչպիսի արդյունքներ կգրանցվեն դեկտեմբերի 9-ի քվեարկության ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, սակայն , որ այսօր առկա է լավ հնարավորություն անցկացնել վերջնական արդյունքի հանդեպ հանրային վստահություն ունեցող ընտրություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG