Մատչելի հղումներ

Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները համատեղ հայտարարություն են տարածել


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Միլանում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության արդար և տևողական խաղաղ կարգավորմանը հասնելու շուրջ բանակցությունները։

Համանախագահ երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և գրանցված կորուստների զգալի նվազումը, որը հաջորդել էր սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած երկխոսության։ Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Համանախագահ երկրները հույս են հայտնել, որ բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև՝ արդար և տևողական խաղաղ կարգավորմանը հասնելու համար, միտված արդյունքների գրանցմանը, կարող է վերսկսվել մոտ ապագայում:

Ադրբեջանի արտգործնախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը: Նրանք համաձայնություն են հայտնել այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպել կրկին 2019 թվականի սկզբին՝ բարձր մակարդակով բանակցությունները խրախուսելու համար: Նրանք բարձր են գնահատել համանախագահ երկրների ակտիվ ներգրավվածությունը և միջնորդություն իրականացնելու հարցում ներդրվող մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

XS
SM
MD
LG