Աշխարհով մեկ կանայք սպանվում են սեփական ընտանիքի անդամների եւ հարազատների կողմից տղամարդկանցից չորս անգամ ավելի հաճախ, վկայում են ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցագործությունների հետազոտությունների գրասենյակի տվյալները:
Տվյալների համաձայն, 2017 թ աշխարհում սպանված կանանց կեսից ավելին՝ 58 տոկոսը, սպանվել է հենց սեփական ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից: Յուրաքանչյուր օր աշխարհում զուգընկերոջ, ամուսնու կամ այլ հարազատի կողմից սպանվում է 137 կին եւ աղջիկ:
ՄԱԿ-ի համաձայն, կանանց սպանությունների թվով առաջինն Աֆրիկան է, որտեղ յուրաքանչյուր 100,000-ից տարվա ընթացքում սպանվում է 3 կին: Այլ է իրավիճակը Եվրոպայում, որտեղ յուրաքանչյուր 100,000 կանանց տարեկան սպանությունների թիվը 0.7 է: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների կողմից կատարվում է բոլոր սպանությունների մեկ հինգերորդը, սակայն, դրանց զոհերը հիմնականում կանայք եւ աղջիկներն են:
Կանանց եւ աղջիկների սպանություն կատարողների հիմնական պատճառաբանությունը խանդն ու կնոջ հեռանալու կանխումն է, սակայն, ընտանիքում կնոջ սպանությանը հիմնականում նախորդում է ընտանեկան բռնությունը կնոջ նկատմամբ, ընդգծում են ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները: Հորդանանում, Տանզանիայում եւ Եգիպտոսում երեք կանանցից երկուսը երբեւէ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից: Ադրբեջանում ամուսնու կողմից բռնության երբեւէ ենթարկվել է յուրաքանչյուր երկրորդ կինը: ՄԱԿ-ի հետազոտությունը ընդգծում է Հայաստանում կատարված բարեփոխումները, որոնք ուղղված են ընտանեկան բռնության կասեցմանը:
Ընդհանրապես, հետազոտության հեղինակները կրկին հիշեցնում են՝ ընտանեկան բռնության եւ կանանց սպանությունների միջեւ կապն ուղղակի է: Այդ կապն ապացուցում են նաեւ փաստերը՝ կանանց նկատմամբ բռնության եւ ընդհանրապես ընտանեկան բռնության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում բարձր են նաեւ ընտանիքի անդամների կողմից կատարված կանանց սպանությունները:
Facebook Forum