Քենեթ Խաչիկյանը եզակի մարդ է: Նա աշխատել է Միացյալ Նահանգների երեք նախագահների հետ՝ եղել նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի, եւ Բուշ-ավագի վարչակազմի անդամ: Ամենակարեւորը՝ հենց նա է հեղինակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հայտնի հռչակագիրը, որտեղ ԱՄՆ-ի գործող նախագահը առաջին եւ առայժմ վերջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Իր աշխատանքով Խաչիկյանը հպարտանում է, ասում է՝ հոգու կոչն էր, ավելացնելով Ցեղասպանությունից փրկված կեսարացի հայրն ու խարբերդցի մայրը նույնպես հպարտ կլինեին: Իր աշխատանքը Քենեթ Խաչիկյանը սկսել է դեռեւս Ռիչարդ Նիքսոնի թիմում.
«Երբ Նյու Յորքում իրավաբանական դպրոցում էի սովորում, այն ժամանակ թեկնածու Նիքսոնին նամակ գրեցի՝ ցանկանալով օգնել իր նախընտրական թիմին: 1968 թիվն էր, 23 տարեկան էի: Ինձ ընդունեցին որ օգնեմ ելույթներ գրել, հետազոտություններ անեմ»:
Նիքսոնի հաղթանակից հետո Խաչիկյանը վերադառնում է համալսարան, ավարտում եւ արդեն 1970-ին աշխատանքի անցնում Սպիտակ տանը: Սակայն, երբ Ռիչարդ Նիքսոնը որոշում է հրաժարական տալ, հենց Քենեթ Խաչիկյանին է խնդրում օգնել իրեն նախապատրաստել հուշերի տպագրությունը: Այնուհետեւ, տեղեկանալով որ նախագահի թեկնածու Ռոնալդ Ռեյգանին անհրաժեշտ է ելույթներ նախապատրաստող մասնագետ, Խաչիկյանն անցնում է Ռեյգանի մոտ աշխատանքի.
«Ես եւ նա այնքան սերտ անձնական հարաբերություններ էինք հաստատել, այնքան լավ էինք աշխատում միասին, որ հաղթանակից անմիջապես հետո Ռեյգանն ինձ Սպիտակ տուն է կանչում՝ աշխատելու իր ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:
Հարաբերություններ, որ անփոփոխ մնացին տասնամյակներ շարունակ: Ռոնալդ Ռեյգանի մասին իր նախկին աշխատակիցն ասում է՝ եզակի մարդ էր, հաճելի եւ միաժամանակ անսասան բարոյական արժեքներով: Իր համոզմունքներին երբեք չէր դավաճանում: Հայերեն Ռեյգանի նկարագիրն ավելի հակիրճ է.
«Անչափ անուշ մարդ էր»:
Հայոց ցեղասպանություն եզրը Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունն իրենն էր, հիշում է Քենեթ Խաչիկյանը, ավելացնելով, ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը Ռեյգանինն էր.
«Որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար, ես գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը եւ ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ հայ եմ, ճիշտ համարեցի ցույց տալ այդ հռչակագիրը նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականին, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր՝ սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որեւէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց, եւ այդպես ցեղասպանությունը ճանաչվել էր»:
Այսօր պարզ հնչող պատմությունն իրականում շրջադարձային քայլ էր, հիշում է Արամ Բախշյանը, ով նույնպես աշխատել էր նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմում.
«Դա ամերիկահայ մարդու քայլ էր, ով հսկայական փոփոխություն կատարեց»:
Քենեթ Խաչիկյանի խոսքով, Ռեյգանից հետո Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի նախագահները չեն ճանաչում՝ տեղիք տալով Պետքարտուղարության եւ Պենտագոնի դիրքորոշմանը, որոնց անհանգստացնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հնարավորությունը: Անհանգստություններ, որոնք Խաչիկյանը չի կիսում.
«Իրականում, ինչպես տեսաք, երբ Ռեյգանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ոչինչ տեղի չունեցավ, աշխարհը շուռ չեկավ: Իրականում, կարծում եմ ամերիկյան դիվանագետները պետք է նստեն եւ ասեն Թուրքիային՝ լսե՛ք, այս հարցը պետք է ճանաչել , չէ՞ որ դա անձամբ դուք չեք կատարել, դա ձեր սերունդը չի կատարել, Էրդողանը չի կատարել: Ճանաչե՛ք այս հարցը»:
Facebook Forum