Մատչելի հղումներ

«Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը հյուսիսամերիկյան էկրաններին


1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար, կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում:

Վաշինգտոնում այս շաբաթ կայացավ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հյուսիսամերիկյան առաջին ցուցադրությունը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական համատեղ արտադրության կինոնկարի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը Ամերիկայի ձայնին տված բացառիկ հարցազրույցում նշեց, որ կինոնկարի ստեղծման աշխատանքները բարդ էին ոչ թե սցենարական, կամ արտադրական առումով, այլ՝ թեմայի զգայունության պատճառով.

«Ֆիլմի աշխատանքների բարդությունը պայմանավորված էր նրանով, որ այն երկրաշարժը վերապրած մարդկանց մասին է ում հիշողություններում դեռ թարմ են ողբերգության մանրամասները: Ֆիլմը մարդկանց մասին է ովքեր անձամբ ներկա են եղել աղետի գոտում և իրենց մասնակցությունն ունեցել փրկարարական աշխատանքներին»:

«Սպիտակ» ֆիլմի հիմքում Գոռի պատմությունն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա, բայց տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Սպիտակ`գտնելու իր տունն ու ընտանիքի անդամներին:

«Մենք որոշեցինք նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին , այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին: Մեր հերոսը, որը լքել է հայրենիքը ավելի լավ կյանք որոնելու նպատակով՝ վերադառնում է Հայրենիք վերագտնելու ինքն իրեն», - ասաց Ալեքսանդր Կոտտը:

Ֆիլմի Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է, իսկ երաժշտության հեղինակը հայազգի Սերժ Թանկյանը, նշում է ռուսական կողմի պրոդյուսեր Ելենա Գլիկման և հավելում, որ «Սպիտակ» լիամետրաժ գեղարվետսկան ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են 3 տարի, իսկ բուն նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և մասամբ՝ Մոսկվայում 2017 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ կինոնկարը ստեղծվել է «Եվրիմաժ» հիմնադրամի, Հայաստանի և Ռուսատանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ, իսկ համարտադրող կողմերն են Հայաստանի Ազգային կինոյի զարգացման ֆոնդը և «Տելեստո» կինոընկերությունը:

Հայաստանը «Սպիտակ» ֆիլմը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար:

Կինոնկարը առաջիկա շաբաթներին կբարձրանա էկրան Ֆլորիդայում, Նյու Յորքում և Տորոնտոյում: Ֆիլմը կցուցադրվի նաև Լոս Անջելեսում, Fort Lauderdale միջազգային կինոֆառատոնի շրջանակներում:

XS
SM
MD
LG