Մատչելի հղումներ

Առաջին աշխարհամարտի ավարտից 100-տարի անց


էթնիկ զտումներ, թե՞ ազգ-պետություն գաղափարախոսության գործառական դրսևորումներ…Թեև միջազգային համաձայնագրերը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո փոխեցին հայերի ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում շատ ժողովուրդների և ազգերի ճակատագրերը, քարտեզներն ու սահմանները` չոչնչացրեցին նրանց պատմական հիշողությունը:

Աշխարհը, 2018 թվականին նշելով Առաջին համաշխարհամարտի ավարտի հարյուրամյակը, ցավով հիշում է պատերազմի ընթացքում տեղի ունեցած պատմական նշանակություն ունեցող պատահարները, պետությունների կիրառած կանխամտածված քաղաքականության արդյունքում պետական մակարդակի վրա կազմակերպված էթնիկ զտումները,այդ թվում՝ Օսմանյան կայսրության վերջնական փլուզման օրերին 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը, ինչպես նաև՝ հույների, ասորիների և քրդերի տառապանքները:

Օկլահոմայի համալսարանի Մերձավոր Արևելքի բաժնի տնօրեն Ջոշուա Լենդիսի կարծիքով, Օսմանյան կայսրությունում շատ էթնիկ համայնքների տրված էր ինքնիշխան ղեկավարման արտոնություն.

«Օսմանյան կայսրությունը սունիտական դինաստիական կայսրություն էր, այն բազմակրոն, բազմազգ կայսրություն էր: Ճիշտ է տարբեր կրոնական և էթնիկ համայնքները հավասար դիրքերում չէին, բայց Օսմանյան կայսրության շրջանակներում համակեցության տեսանկյունից կար որոշակի կայունություն: Սակայն երբ դա վերացավ, երբ ֆրանսիացիներն ու բրիտանացիները սկսեցին իրենց ազգային ինքնությունը պարտադրել մյուսներին, առաջնորդնելով ազգային պետության գաղափարախոսությամբ, շատ ազգեր և ժողովուրդներ սկսեցին թշնամանալ մեկը մյուսի հանդեպ նմանատաիպ պետություններում, այլևս չուզենալով ապրել կողք կողքի, ինչն էլ հանգեցրեց մի շարք քաղաքացիական պատերազմների»:

Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի կարծիքով, հայերն ու քրդերը, չունենալով սեփական ազգային պետություն, բարձր գին վճարեցին դրա դիմաց:

«Առաջին աշխարհամարտը շատ արագ փոխեց ժողովրդագրական պատկերը։ Առաջին համաշխարհային պատերազմից 20 տարի անց, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ շրջաններում մեծ ու ակհնայտ ժողովրդագրական փոփոխություններ տեղի ունեցան, տեղահանումներ, արտաքսումներ, և այդ ամենը շատ ողբերգական ու դրամատիկ բնույթ էին կրում, չկար ոչ մի տեսակի պաշտանվածություն, ոչ մի տեսակի տրամաբանություն, բացառությամբ՝ դաշինքների, պատերազմների հետևանքների և այլն»:

Ջոշուա Լենդիսի կարծիքով, որոշ էթնիկ փոքրամասնություններ, օրինակ Լիբանանի մարոնիտ քրիստոնյաները, կամ Սիրիայի ալևիները Առաջին աշխարհամարտից հետո առավելություն ստացան հին աշխարհակարգի փլուզման արդյունքում:

«Ֆրանսիացիներն ու բրիտանացիները, հատկապես պատերազմական տարիներին, Մերձավոր Արևելքի որոշ կրոնական-էթնեիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացնում էին հատուկ քաղաքականություն, որը կարելի է դիտարկել որպես հատուկ աջակցություն: Լիբանանում այդ խմբին էին դասվում մարոնիտները, Սիրիայում՝ ալևիները, Իրաքում՝ 20 տոկոս փոքրամասնություն կազմող սուննի մահմեդականները, իսկ ներկայիս իսրայելա-պաղեստինյան պետության տարածքում հրեաները, ոքվեր Առաջին աշխարհամարտի տարիներին ընդհանուր բնակչության ընդամենը 14 տոկոսն էին կազմում:

Ըստ Փոլ Հայդոստյանի՝ չնայած Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ունեցած ծանր նյութական և մարդկային կորուստներին, հայերը, քրդերը,հրեաները և մյուս փոքրամասնությունները իրենց տոկունության շնորհիվ գոյատևեցին, միավորվեցին, պայքարեցին և կարողացան կրկին վերակառուցել իրենց համայնքները:

Էդվարդ Երանյան, Բեյրութ

Վահե Օհանյան, Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն

XS
SM
MD
LG