Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին Ամերիկայի Ձայնը զրուցեց ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի հետ, ով վերջերս այցելել էր Հայաստան:
«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխության տեսքով: Նա նշում է, որ այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել ընտրաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ, անվտանգ Հայաստանը և կշարունակի մնալ բարեկամ ու գործընկեր Հայաստանի որդեգրած այս նոր ճանապարհին:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը:
Facebook Forum