Մատչելի հղումներ

Թրամփի ընդդիմադիրներին պայթուցիկ սարքեր ուղարկած Սայոքը երկուշաբթի օրը կանգնելու է դատարանի առջեւ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ աջակից Սիզըր Սայոքը, որը մեղադրվում է նախագահի քննադատներին պայթուցիկ սարքեր ուղարկելու մեջ, երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնելու է դատարանի առջեւ: Դատը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի դաշնային դատարաններից մեկում: Այստեղից ոչ մեծ հեռավորության վրա էին դաշնային գործակալները նրան ձերբակալել իր ավտոմեքենայի մոտ անցած ուրբաթ օրը:

Նրա ավտոմեքենայի պատուհաններից մի քանիսը պատված են եղել Թրամփին աջակցող պաստառներով, կամ Թրամփի ընդդիմադիրների դեմքը խաչերով պատված նկարներով:

Սայոքի դեմ հարուցվել է հինգ մեղադրանք: Պայթուցիկներով լցված ծանրոցները, որոնցից եւ ոչ մեկը չի պայթել, ուղարկվել էին Թրամփի դեմոկրատ մի քանի ընդդիմադիրների, այդ թվում` նախկին նախագահ Բարաք Օբամայի, նախկին փոխնախագահ Ջո Բայդընի եւ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթընի, ինչպես նաեւ Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության մի քանի անձանց հասցեներով:

Ինչպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն է ասել, ինքնաշեն 13 պայթուցիկ սարքերն ուղարկվել են ծանրոցների տեսքով, որոնց մեջ եղել են նաեւ վեց դյույմանոց խողովակներ, ժամացույց եւ պայթուցիկ նյութեր:

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզն ասել է, թե Սայոքին սպասվում է մինչեւ 58 տարվա ազատազրկում:

Սայոքը նախկինում եղել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ մոտ տասն անգամ ձերբակալվել Ֆլորիդայում` այդ թվում 2002 թվականին ռմբային հարձակում իրականացնելու սպառնալիքի համար:

XS
SM
MD
LG