Իրանի հետ գործակցության սահմանափակումը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների նախապայման, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան.
«Կարծում եմ, Հայաստանում Բոլթոնն ասել է՝ եթե ցանկանում եք, որ Ամերիկան մնա ձեզ բարեկամ, պետք է սահմանափակեք հարաբերություններն Իրանի հետ»:
Վերլուծաբանի խոսքով, Սպիտակ տան վարչակազմը որոշել է կոշտ մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ՝ ստիպելով Թեհրանին հրաժարվել ներկայիս կործանարար քաղաքականությունից.
«Հայաստանն անշուշտ միշտ կհամագործակցի Իրանի հետ, քանի որ նրանք հարեւանների են: Սակայն Հայաստանը չափից ավելի եռանդով էր աջակցում Իրանին դիվանագիտական եւ տնտեսական ոլորտներում»:
Բոլթոնի կողմից Երեւանում ու Բաքվում բարձրացված մյիւս կարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, որը բխում է թե՛ հայկական եւ ադրբեջանական կողմերի եւ թե՛ Միացյալ Նահանգների շահերից: Խաղաղ գործընթացի առաջընթացի համատեքստում է Սթիվեն Բլանքը դիտարկում նաեւ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունը Հայաստանին զենք վաճառելու հնարավորության վերաբերյալ:
Ջոն Բոլթոնի այցը Հայաստան որպես հնարավոր անհանգստության, սակայն նաեւ՝ նոր հույսի նշան է դիտարկում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Ողջունելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը՝ Բոլթոնը միաժամանակ կոչ արեց խթանել ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ սահմանափակել հարաբերությունները Թեհրանի հետ.
«Մենք տեսանք, որ Արցախի կարգավորմանն ավելանում է եւս մի շերտ՝ Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի ջանքերը»:
Համբարյանի խոսքով, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը գործադրելու է բոլոր ջանքերը՝ որպեսզի Հայաստանն անտեղի չտուժի ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող երկրների դեմ հնարավոր պատժամիջոցների արդյունքում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հնարավոր է միայն ժողովրդավար գործընթացի արդյունքում, համոզված է Արամ Համբարյանը.
«Եթե առաջընթացը ձեռք բերվի ժողովրդավար, խաղաղ բանակցություններով, ապա շատ լավ, սակայն, եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք պահանջում են տարածքային զիջումներ Ադրբեջանի ընդհանուր խոստումների դիմաց, ապա դա անհեռանկարային է»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորությանը, Հայ դատի վաշինգտոնի գրասենյակի ղեկավարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներին որեւէ օրենք չի արգելում զենք վաճառել Հայաստանին, մինչդեռ, 907 բանաձեւն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն, ավելացնում է Համբարյանը, այս ոլորտում պետք է շատ զգույշ գործել:
Facebook Forum