Մատչելի հղումներ

Մոսկվան բարձրաձայնում է վտանգների մասին, եթե Վաշինգտոնը լքի 1987 թվականի պայմանագիրը


Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը 1987 թվականի պայամանգրի ստորագրման արարողությանը
Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը 1987 թվականի պայամանգրի ստորագրման արարողությանը

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարությանը «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու մասին, որը ստորագրվել էր դեռևս խորհրդային տարիներին:

Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, քանի որ Մոսկվան խախտել է պայմանագիրը:

Մոսկվան արձագանքել է, որ կդիմի պատասխան քայլերի նման զարգացումների դեպքում: Ռուսական կողմը հերքում է իր կողմից պայմանագրի խախտման մեղադրանքը:

«Մենք կտրականապես համաձայն չենք, որ Ռուսաստանը խախտել է միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը: Մենք գտնում ենք, որ պայմանագրից դուրս գալու մտադրությունը իհարկե մտահոգություն է առաջացնում, քանի որ նման քայլերի դեպքում, աշխարհը կդառնա ավելի վտանգավոր»,- ասում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի խոսնակը չի բացառել, որ խնդիրը կքննարկվի նաև Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, վերջինիս Մոսկվա այցի ընթացքում:

«Իհարկե խնդիրը կբարձրացվի Ջոն Բոլթոնի այցի ժամանակ: Եվ իհարկե մենք կլսենք ամերիկյան կողմի բացատրություններն այս առիթով: Սա ռազմավարական անվտանգության խնդիր է»,- ընդգծել է Պեսկովը:

Պայմանագրի խզումը կունենա ծանր հետևանքներ և կստիպի համաշխարհային հանրությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, ասել է Կրեմլի խոսնակը:

«Եթե այս հրթիռային համակարգերը զարգանան, ապա Ռուսաստանն ու այլ երկրներ կդիմեն համապատասխան քայլերի, հավասարակշռությունը վերահաստատելու համար»,- նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ստորագրվել է դեռևս Խորհրդային Միության օրոք՝ 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG