ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:
Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում այն կբարձրանա նոր մակարդակի:
Երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնում է ժողովրդավության, արդարադատության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման համակարգի, ենթակառուցվածքների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և քայլեր է իրականացնում կառավարման համակարգում նրանց ներգրավվածությունն ավելացնելու նպատակով:
Թոմաս Մայր-Հարթինգը ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության վերը նշված գործողությունները և պատրաստ է օժանդակել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Մայր-Հարթինգը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր և ընդգծել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: