Մատչելի հղումներ

Աշխարհի առաջնորդների կոչը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն, գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար: Ստորև ձեզ ենք ներկայացնում գագաթաժողովի շրջանակներում աշխարհի առաջնորդների մինչ այժմ հնչեցրած ելույթներից հատվածներ:

Գագաթաժողովի բացման խոսքում Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետությունների և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ։

Նա անդրադարձել է մարդկությանը սպառնացող մարտահրավերներին՝ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը»,- ասել է Փաշինյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Երևանում մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները:

«Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասել է Մակրոնը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց:

«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասել է Թրյուդոն:

Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն անդրադարձել է մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր:

«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,- ասել է Մահամադուն:

Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:

«Ապրել միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների թիվը խոսում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասել է արքայազնը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը կարևորել է մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն:

«Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև»,- ասել է Աունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցրել է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին:

«Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք մեր կազմակերպությունը կառուցել ենք փլատակների վրա: Մենք ֆրանսերենի միջոցով կարողացանք ապահովել վերածնունդ մեզ համար և աշխարհի համար, ֆրանսերենը փախանցեց կենսական և մարդասիրական ուժ: Ֆրանսերենը կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և հավասարազոր արժանապատվությունը: Մենք ամուր կանգնած ենք հողի վրա, որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- ասել է Ժանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն ընդգծել է կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը:

«Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է: ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասել է Ազուլեն:

XS
SM
MD
LG