Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Վիլեն Խաչատրյանը Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության հետ միասին մի քանի տարի անհրաժեշտ փաստաթղթերն էր պատրաստում, ապացուցում վերանվանման կարեւորությունը:
«Արցախը խորհրդանշում է ազատությունն ու այն ամենն ինչ կապված է հայ ժողովրդի հետ, այդ պատճառով մենք որոշեցինք, որ Գլենդելում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, պետք է լինի Արցախի փողոց», - պատմում է նա «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:
Գարնանը Գլենդելի քաղաքապետարանը միաձայն հավանություն էր տվել փողոցի վերանվանմանը: Նախաձեռնություն, որը բոլորին չէր դուր եկել:
«Պարզ պատճառներով, դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը, նրանց հյուպատոսությունը նամակներ էր ուղղում», - նշում է Խաչատրյանը:
Կալիֆոռնիայի ղեկավարության հասցեին ուղղված իր նամակում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Ագայեվը նշում էր.
«Արցախը սխալ անվանում է: Այդպես են կոչում հայերը Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի տարածքն է»:
Հյուպատոսը խնդրել էր դադարեցնել փողոցի վերանվանման գործընթացը: Սակայն ի վերջո Գլենդելում բացվեց Արցախի փողոց: Վերանվանումը սկզբում դուր չէր եկել նաեւ Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով: Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար հատկացրեց: Քաղաքային բյուջեից եւս 10 միլիոն դոլար է հատկացվելու նոր փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:
«Այս փողոցն այցելող մարդիկ արդեն առնվազն կհետաքրքրվեն, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում», - նշում է ԱՄՆ-ում Լեռնայի Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Երգիչ Անդրեն պատմում է.
«Ես ծնունդով Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ էի պատերազմի տարիներին: Գրեթե ամբողջ ընտանիքս մասնակցել է պատերազմին, որից վերադարձան միայն հայրս եւ պապս: Մարդիկ կյանքը նվիրեցին հայրենիքին եւ այսօր ես հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում»:
Գլենդելի բնակիչներից շատերն էին անհամբեր:
«Ես շատ եմ ուզում, որպեսզի ամենուրեք, ամբողջ Հայաստանում խաղաղ երկինք լինի, քանի որ հայ ժողովուրդը դրան երկար է սպասել», - ասում է Գլենդելի բնակիչներից մեկը:
«Հայաստանի համար սա շատ կարեւոր օր է, քանզի մենք բոլորս կարոտում ենք մեր հայրենիքը», - ավելացնում է մյուս բնակիչը:
Լոս Անջելեսի ոչ հայազգի բնակիչների կարծիքն այս կապակցությամբ տարբեր է:
«Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է», - նշում է բնակիչներից մեկը:
«Չեմ հասկանում, ինչու էր անհրաժեշտ վերանվանել փողոցը: Չնայած՝ վատ գաղափար չէ», - ավելացնում է մյուսը:
«Եթե խոսքը հայկական թաղամասի մասին է՝ ուրեմն թող վերանվանեն, եթե ուզում են: Դա ձեր թաղամասն է, ձեր որոշումն է: Մենք ունենք կորեական թաղամաս, չինական թաղամաս, յուրաքանչյուրն ունի սեփական թաղամաս: Ուրեմն ինչո՞ւ չվերանվանել փողոցները ձեր ցանկությամբ», - եզրակացնում է երրորդը:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում կրող եւս մեկ փողոց:
Facebook Forum