Մատչելի հղումներ

Թուրքիայում սաուդցի լրագրող է անհետացել


Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման գործով Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:​

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացումից մեկ շաբաթ անց, երկուշաբթի օրը Ստամբուլում բողոքի ցույց էր կազմակերպվել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի առջև:

Բոլորին մեկ հարց էր հուզում. Որտե՞ղ է Հաշոգին, ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ հյուպատոսության շենքում մեկ շաբաթ առաջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով լրագրողին իր ընկերն է համարում, երկուշաբթի օրը Բուդապեշտից զանգահարել էր Ռիյադ և հավաստիացրել, որ լրագրողը դեռ ողջ է:

«Հյուպատոսության աշխատակցիները չեն կարող փրկել իրենց ՝ ասելով, որ«նա հեռացել է հյուպատոսարանից», նրանք պարտավոր են ապացույցներ ներկայացնել», - ասել է Էրդողանը:

Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին այցել էլ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ իր ապագայի հարսնացուի հետ իրենց ամուսնական թղթավարությունը ավարտին հասցնելու նպատակով: Հաշոգիի ապագա կինը վերջինիս հյուպատոսության շենքի առջև երկար սպասելուց հետո սկսել էր անհանգստանալ:

Թուրք քննիչները կարծում են, որ Հաշոգին սպանվել է հյուպատոսության շենքում և նրա մարմինը, հավանաբար, դուրս է հանվել շենքից դիվանագիտական մեքենայով:

Թուրքիայի ոստիկանությունը դատաքննական փորձաքննություն է հայտարարել, սակայն հյուպատոսը հրաժարվել է համագործակցել՝ հայտարարելով, որ լրագրողի գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունի:

«Հյուպատոսությունը և դեսպանությունը մտահոգված են և փորձում են պարզել նրա գտնվելու վայրը», - հայտարարել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոս Մուհամադ ալ-Օթայիբին:

Թուրքիայի հետախուզական ծառայությունները ներկայումս ուսումնասիրում են Հաշոգիի անհետացման օրը Ստամբուլի օդանավակայան ժամանած մի քանի սաուդցի պաշտոնյաների տվյալները:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների հասցեին իր քննադատական հոդվածների հրապարուկումներից հետո Հաշոգին անցյալ տարի բնակվում էր Միացյալ Նահանգներում՝ խույս տալով հավանական բռնաճնշումներից:

Սա նրա վերջին հրապարակային ելույթն էր `Լոնդոնում կայացած Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին նվիրված գագաթաժողովին, նրա անհետացումից երեք օր առաջ:

«Պաղեստինյան հակամարտությունը Սաուդյան Արաբիայում դեռևս զգայուն հարց է՝ թեև կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը և դիսիդենտներին լռեցնում բանտ նետելով», - հայտարարել է Ջամալ Հաշոգին իր ելույթի ընթացքում:

Հաշոգին քննադատում էր Վաշինգտոնի աջակցությունը վայելող Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին, ով իբրև ինքնահռչակ բարեփոխիչ է ներկայանում աշխարհին:

«Նա դուրս էր եկել այս թագավորի և երկրի իշխանությունների, Թրամփի և Ամերիկայի դեմ: Ջամալ Հաշոգին անկախացել էր բոլորից և ցույց էր տալիս նրաց հանդեպ ունեցած իր արհամարհանքը: Այդ պատճառով պետք էր ազատվել նրանից», - կարծում է անհետացած սաուդցի լրագրողի ընկեր՝ Դեյվիդ Հերսթը:

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի ընկերոջ՝ Դեյվիդ Հերսթի,կարծիքով, Անկարան այժմ լուրջ ճնշման տակ է:

«Թուրքիայում արաբախոսների թիվը հասում է 4 միլիոնի: Նրանց մեծ մասը Եգիպտոսից, Սիրիայից և Եմենից են: Ստացվում է նրանք ոչ միայն իրենց երկրներում պաշտպանված չեն, այլև՝ Թուրքիայում, որը նրանց համար շատ անկայուն վայր է դառնում», - գտնում է Հերսթը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել թուրքական վարկածը, բայց հավելել, որ ուշադիր հետևելու է հետաքննության ընթացքին:

Հենրի Ռիջուել, Լոնդոն,

Վահե Օհանյան, Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն

XS
SM
MD
LG