Արեւմուտքը Ռուսաստանին նախազգուշացնում է դադարեցնել իր նվաճողական վարքագիծը, հարգել զենքերը վերահսկելու մասին պայմանագիրը, հրաժարվել կիբերհաձակումներից ու հրաժարվել այլ երկրներում մարդկանց սպանելու փորձառությունից:
Միացյալ Նահանգներն ունի տեղեկություններ, որ Ռուսաստանը, ոտնահարելով Սառը պատերազմի տարիներին կնքված պայմանագիրը, ստեղծում է նոր միջուկային զենք, որը Մոսկվային կտա շատ կարճ ժամկետում Եվրոպային միջուկային հարված հասցնելու հնարավորություն: Եվ ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն է ասել ՆԱՏՕ-ի անդամ երկրների իր պաշտոնակիցներին, Վաշինգտոնը կդիմի պատասխան քայլերի, եթե Մոսկվան չկատարի միջուկային արսենալի սահմանները հարգելու պարտավորությունը: Մեթիսի խոսքերով, Ռուսաստանը բացահայտ կերպով ոտնահարում է Միջին հեռահարության եւ մոտ նշանառության միջուկային զենքերը ոչնչացնելու մասին 1987 թվականին ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջեւ կնքված պայմանագիրը:
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները եւ իր հերթին հայտարարում, որ Միացյալ Նահանգները, անտեսելով այդ պայմանագիրը, վերադիրքավորել է հրթիռային պաշտպանության իր համակարգերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ Ռուսաստանին մեղադրում է միջազգային այլ չափանիշներ ոտնահարելու, այդ թվում հարեւանների նկատմամբ ուժ կիրառելու, ընտրական գործընթացներին միջամտելու եւ ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Նիդերլանդները հինգշաբթի օրն էր բացահայտել, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը փորձել է կիբերհաձակումների դիմել Հաագայում գործող Քիմիական զենքերն արգելող կազմակերպության դեմ: Նման մեղադրանքներ են հնչել Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից:
Դաշնակից երկրները հորդորում են Ռուսաստանին վերջ տալ նման քաղաքականությանը:
Իսկ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական գործեր է հարուցում Ռուսաստանի հետախուզության յոթ սպաների նկատմամբ, նրանց մեղադրելով միջազգային հակադոպինգային գործակալություններին եւ Ռուսաստանի կողմից քիմիական նյութերի կիրառումն ուսումնասիրող կազմակերպություններին պատկանող համակարգիչները հաքերային հարձակումների ենթարկելու մեջ: