Երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե չի դադարեցնի իր միջուկային զենքի ծրագիրը՝ Կորեական պատերազմը պաշտոնապես ավարտված հռչակելու դիմաց:
Հյուսիսային Կորեայի գլխավոր լրատվական գործակալության հայտարարությունում ասված է, թե պաշտոնական խաղաղության համաձայնագիրը չի կարող պայմանավորված լինել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմամբ:
Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակով Փհենյանի, Սեուլի և Վաշինգտոնի վերջերս անցկացված քննարկումների ժամանակ բազմիցս շոշափվել է պաշտոնական խաղաղության համաձայնագիր կնքելու թեման:
Սակայն Միացյալ Նահանգները մերժել է 1953 թվականի պատերազմը ավարտված համարելու Հյուսիսային Կորեայի պահանջը՝ քանի դեռ այն չի հրաժարվել միջուկային զենքի ծրագրից:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը անցած շաբաթ ՄԱԿ-ի գագաթաժողովում հայտարարել էր, թե իր երկիրը չի պատրաստվում ապամիջուկայնացվել, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խիստ պատժամիջոցներ կիրառել իր վարչակարգի դեմ:
Փհենյանի կողմից ապամիջուկայնացման շուրջ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունները փակուղում են հայտնվել, սակայն Սինգապուրում հունիսին անցկացված առաջին գագաթաժողովից հետո Թրամփն ու Կիմը ծրագրում են անցկացնել եւս մեկ հանդիպում։