Նախագահ Թրամփը շարունակում է քարոզարշավը՝ այս անգամ Արևմտյան Վիրջինիայում: Նա աջակցություն է ցուցաբերում Գերագույն դատարանի համար առաջադրած իր թեկնածուին՝ Բրեթ Քավանոյին:
«Տեսնու՞մ եք, թե այդ սարսափելի, ծայրահեղ դեմոկրատներն ինչպես են վարվում»,- ասում է նա բեմահարթակից:
Դատավորի նշանակման գործընթացն է՛լ ավելի է ձգձգվում նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրող բժիշկ Քրիսթին Ֆորդի և Քավանոյի անցած շաբաթ տված ցուցմունքներից հետո:
«Բրեթի ոտնձգությունը զգալիորեն փոխել է կյանքիս ուղին: Երկար տարիներ ամոթի և վախի զգացումը թույլ չէին տալիս այս մասին խոսել»,- իր ցուցմունքի ժամանակ ասել է Ֆորդը:
«Դատավորի նշանակման այս գործընթացը վերածվել է ազգային խայտառակության»,- այսպես է բնորոշել տեղի ունեցողը դատավոր Քավանոն:
Այս սկանդալային իրադարձությունները թերևս հետ չեն պահում Թրամփին ոգևորել իր աջակիցներին, որպեսզի վերջիններս մասնակցեն միջանկյալ ընտրություններին և քվեարկեն մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության օգտին:
Սակայն դեմոկրատները հետ չեն մնում և առաջ են տանում իրենց տեսանկյունն ու թեկնածուներին: Այս հարցում նրանց օգնության է հասել նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման:
«Շատերը կարծում են, թե կարող են սպասել նախագահական ընտրություններին քվեարկելու համար: Սակայն սա ավելի կարևոր է: Սա ավելի կարևոր է, քան վերջերս անցկացված որևէ այլ քվեարկություն»,- իր ելույթում ասել է Օբաման:
Դեմոկրատները զգալի տարբերությամբ արդեն իսկ հաղթում են հատուկ և նախնական ընտրություններում, ինչը դրական նշան է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների համար:
Սակայն Թրամփը նախատեսում է շարունակել քարոզարշավը ընդհուպ մինչև քվեարկության օրը, հուսալով նվազեցնել դեմոկրատների հաղթանակը, ինչը կարող է զգալիորեն սահմանափակել նախագահի իր գործունեությունը: