Մատչելի հղումներ

Գերմանիայում նոր եկեղեցական սկանդալ է հասունացել


Կաթոլիկ եկեղեցու ավելի քան 1700 հոգևորականներ մեղադրվում են 70 տարվա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ:

Սկանդալային նոր զեկույցի հրապարակումը ջրի երես է հանել՝ տասնամյակներ շարունակ Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից իրականացված և ծածուկ պահված սեռական ոտնձգությունները:

Նշենք, որ նոր զեկույցը վերաբերում է Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու մոտ 1700 քահանաների կողմից 70 տարիների ընթացքում իրականացրած սեռական ոտնձգություններին: Փաստաթղթում մինչև 2014 թվականը գրանցված է շուրջ 3700 դեպք:

«Երկար տարիներ մենք փորձել ենք անտեսել, չընդունել ու կոծկել եղելությունը, բայց եկել է պահը ներողություն խնդրել բոլորից հասցված ցավի համար», - ասում է կարդինալ Ռեյնհարդ Մարքսը:

Սեռական ոտնձգությունների ենթարկվածների ընդհանուր թիվը, հավանաբար, իրականում ավելի մեծ է՝ հաշվի առնելով այն, որ շատերն առայսօր չեն բարձրաձայնում իրենց պատմությունները և նաև այն, որ մեծ թվով տվյալներ տարիների ընթացքում ոչնչացվել են:

Յորգ Շուն աշխատում է սեռական ոտնձգությունների ենթարկվածներին օգնություն տրամադրող Բերլինում գտնվող կենտրոններից մեկում:

«Կաթոլիկ եկեղեցին ամբողջ աշխարհում լուրջ խնդիրներ ունի: Ես կցանկանայի, որ Հռոմի Պապը այս խնդիրը ներառեր եկեղեցու օրակարգում որպես թիվ մեկ հարց: Ավելին՝ըստ իս, Կաթոլիկ եկեղեցին որպես քրեական կառույց պետք է դադարեցնի իր գործունեությունը», -կարծում է հոգեվերլուծաբան Յորգ Շուն:

Հիշեցնենք,որ վերջրես ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում նմանատիպ սկանդալային բացահայտումները նույնպես մեծ հանրային աղմուկ էին բարձրացրել, իսկ Չիլիում կաթոլիկ եկեղեցու ընդհանուր թվով 34 եպիսկոպոսներ կոլեկտիվ հրաժարականի միջնորդություն են ներկայացրել Հռոմի Պապին:

Հռոմի Ֆրանցիկոոս պապը Էստոնիա կատարած այցի ընթացքում հաստատել է, որ սեռական ոտնձգությունների առնչությամբ մեղադրաանքների շղթան շարունակում է վանել մարդկանց Կաթոլիկ եկեղեցուց և վարկաբեկել պապականությունը:

«Մարդիկ զայրացած են սեռական և տնտեսական բնույթի սկանդալների հստակ դատապարտման բացակայության պատճառով», - հայտարարել է Ֆրանցիկոոս պապը:

Բազմաթիվ կաթոլիկներ հավատում են, որ միայն եկեղեցական բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի վերականգնել իրենց երմենի համբավն ու Կաթոլիկ եկեղեցու հանդեպ մարդկանց վստահությունը: Նրանցից շատերի կարծիքով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ստեղծված մարտահրավերների ընդունումը այդ երկար ճանապարհի միայն առաջին քայլն է:

XS
SM
MD
LG