Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աջակցել իր առաջադրած Գերագույն դատարանի դատավորի թեկնածուին, չնայած վերջինիս հանդեպ հարուցված սեռական ոտնձգության մասին մեղադրանքին։
Երկուշաբթի օրը պրոֆեսոր Քրիսթին Ֆորդը վկայության համար հրավիրվել էր Սենատի դատական հարցերով հանձնաժողով:
Վերջինս պնդում է, որ նախքան հանձնաժողովի նիստին մասնակցելը Դաշնային հետաքննության բյուրոն պետք է հետաքննություն անցկացնի սեռական ոտնձգության իր մեղադրանքի շուրջ:
Դեմոկրատներն աջակցում են Ֆորդի պահանջին:
«Փաստը, որ նա ստիպված է եղել պաշտպանել իր երեխաներին մահվան սպառնալիքներից և նման դրսևորումներից հանդիսանում է հիմնական պատճառ, թե ինչու են սովորաբար լռում սեռական ոտնձգության զոհերը»,- ասում է դեմոկրատ սենատոր Քիրսթեն Գիլիբրանդը:
Սակայն հանրապետականները հակադարձում են, որ սեռական ոտնձգության վերաբերյալ մեղադրանքներն առաջ են եկել Քավանոյի թեկնածության վերաբերյալ երկարատև լսումներից հետո:
«Դատավոր Քավանոն պատասխանել է շուրջ 1300 գրավոր հարցերի, նա հանդիպել է 65 սենատորների հետ վերջին երկու ամիսների ընթացքում, այս հարցի վերաբերյալ մինչև անցած շաբաթ չեն եղել որևէ ակնարկներ»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Թյունը:
Հանրապետական մեկ այլ սենատոր Լիզա Մուրկովսկին պնդում է, որ անհրաժեշտ է լսել երկու կողմերին:
Իրավական հարցերով փորձագետները գտնում են, որ սեռական ոտնձգության վերաբերյալ մեղադրանքները կասկածի տակ են դրել Քավանոյի նշանակումը Գերագույն դատարանի դատավորի ցմահ պաշտոնին:
«Կարծում եմ մեղադրանքը կհամախմբի դեմոկրատներին ընդդեմ Քավանոյի թեկնածության: Հաշվի առնելով, որ հանրապետականներն ունեն չնչին առավելություն հանձնաժողովում, մի քանի հանրապետականների տատանումը կարող է տապալել թեկնածուի հաստատումը»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի փորձագետ Փոլ Բերմանը:
Քավանոյի թեկնածությունն առաջ է քաշվել դատավոր Էնթոնի Քենեդիի թոշակի անցնելուց հետո: Վերջինիս նշանակմամբ պահպանողականները ձեռք կբերեն մեծամասնություն Գերագույն դատարանի կազմում:
Facebook Forum