Մատչելի հղումներ

Թրամփի ամրո՞ց, թե՞ ԱՄՆ-ի նոր ռազմակայան


Ռուսաստանի զավթողական քաղաքականության սպառնալիքները չեզոքացնելու նպատակով՝ Վարշավան հրավիրում է ԱՄՆ-ին իր երկրում մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան հիմնել:

Սպիտակ տանը նախօրեին կայացած հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփն ու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համաձայնվել են ամրապնդել երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական համագործակցությունը:

«Մենք շնորհակալ ենք Լեհաստանի ղեկավարությանը ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի բեռը կիսելու և ստանաձնած պարտականությունները կատարելու համար: Ես ուրախ եմ, որ Լոհասանը նախատեսում է մեծացնել իր բյուջեն՝ անցնելով նվազագույն 2 տոկոսը», - ասել է Թրամփը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին ԱՄՆ նախագահին Լեհաստանում ամերիկյան զորամիավորումների թիվն ավելացնելու և մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան հիմնելու հրավեր է փոխանցել` նշելով, որ այդ կերպ Վարշավան կկարողանա չեզոքացնել Ռուսաստանի զավթողական քաղաքականության սպառնալիքները:

Դուդան նույնիսկ 2 միլիարդ դոլար է առաջարկել է որպես ծախսերի փոխհատուցում:

«Ես ժպտում էի պարոն Նախագահի հետ խոսելիս և ասացի նրան, որ ես շատ կցանկանայի՝ Լեհաստանում մշտական հիմունքներով ամերիկյան ռազմակայան տեղադրել, անվանակոչել Թրամփի անունով՝ մենք այն կանվանեք «Թրամփի ամրոց». ես վստահ եմ, որ դա հնարավոր է», - ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Հիշեցնենք, որ մարտ ամսին Լեհաստանը ստորագրել էր պատմության մեջ սպառազինությունների գնման իր ամենաթանկ պայմանագիրը, և 4.75 միլիարդ դոլարով ԱՄՆ-ից գնել՝ գերժամանակակից Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Նշենք նաև, որ անցյալ շաբաթ Ռուսաստանը անցկացրեց՝ Սառը պատերազմից հետո իր ամենածավալուն ռազմական զորավարժությունները, որին նաև մասնակցում էր Չինաստանը:

Եվ այս ամենը տեղի է ունենում՝ ներկրման սակագների պատճառով Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների վատթարացման ժամանակահատվածում:

XS
SM
MD
LG