Մատչելի հղումներ

Ռուս-թուրքական խաղե՞ր, թե՞ վերջ պատերազմին 


Գուցե և հաջողվի ռուս-թուրքական գործարքով ժամանակավորապես կանխել Սիրիական հակամարտության սրումը, բայց մինչև ե՞րբ. ըստ հուշագրի՝ մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայում 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում:

Իդլիբ նահանգը, որը Սիրիական պատերազմի վերջին 7 տարիներին գտնվում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր զինյալների վերահսկողության ներքո, համարվում է այն վերջին հանգրվանը, որտեղ զինված խմբերը դեռ անկոտրում պայքար են մղում:

Վերլուծաբանների կարծիքով, Իդլիբում լայնածավալ գործողությունների աղետալի հետևանքները ավելի կխորացնեն՝ Հալեպում և սիրիական այլ բնակավայրերում տևական պատերազմի առաջացրած ծանր մարդասիրական ճգնաժամը:

ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ բանագնացը ողջունել է՝ խաղաղության երաշխավորի դեր ստանձնելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունը:

«Հիմա՝այս գործարքից հետո, չկա որևէ պատճառ, որը կխանգարի քաղաքական գործընթացի արագացմանը», - ասել է ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Ռուսաստանի ներկայացուցիչը,ինչևէ, այնքան էլ խանդավառված չէր:

«Ցանկանում եմ ասել Ստեֆանին, որ միգուցե ճիշտ չէ օգտագործել Անվտանգության խորհուրդը երաշխավորողների նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նրանք ավելի շատ բան են անում քաղաքական գործընթացի համար քան որևէ մեկն այս մարմնում:Կարևոր է, որ դուք աջակցեք, ոչ թե գլխավորեք այս գործընթացը», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի բանագնաց Վասիլի Նեբենզյան:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բանագնաց Ջեյմս Ջեֆրին հարցականի տակ առավ Ռուսաստանի մտադրությունները:

«Եթե Ռուսաստանը շահագրգռված է Սիրիայում խաղաղության հաստատմամբ, ապա պետք է համոզված լինի, որ Իրանն ու նրա հովանավորյալ զինյալներնը մեկընդմիշտ կհեռանան Սիրիայից: Նրանց հեռանալով խոշոր հաշվով, կվերանա նաև հակամարտության ռիսկայնությունը», - Ռուսասստանի բանագնացի ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բանագնաց Ջեյմս Ջեֆրին:

Շատերին այժմ մի հարց է հուզում՝ մինչև ե՞րբ կպահպանվի ձեռքբերված պայմանավորվածությունը:

«Սա ուշացած դատավճի՞ռ է, թե՞ սկիզբն է դեպի փրկությունը տանող մութ թունելի, որի վերջում լույս է նշմարվում», - ասել է ՄԱԿ-ում Մարդասիրական հարցերով փոխքարտուղար Մարք Լոուքոքը:

Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում Թրամփն անդրադարձել է Սիրիայում ԱՄՆ դերակատարությանը.

«Սիրիայում և տարածաշրջանում մենք «Դաեշ»-ի ոչնչացմանն ուղղված ահռելի աշխատանք ենք կատարել և հիմա մենք շատ մոտ ենք այդ աշխատանքն ավարտին հասցնելուն, որից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը»:

Իսկ կօգնե՞ն արդյոք այդ քայլերը վերջ դնել Սիրիայի յոթամյա քաղաքացիական պատերազմին՝ հայտնի չէ:

XS
SM
MD
LG