ԱՄՆ-ի Թենիսի կանանց բաց առաջնությունը լի էր արցունքներով, բարկությամբ, մեղադրանքներով և խախտումներով: Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը պատրաստվում էր 24-րդ անգամ դառնալ առաջնության հաղթող, սակայն փոխարենը սպորտի սիրահարները ականատես եղան նրա զայրույթին:
20 ամյա Նաոմի Օսակայի հետ խաղի ժամանակ դատավորը, նկատելով Սերենայի մարզչի անթույլատրելի հուշումները, միավոր տվեց նրա հակառակորդին: Քիչ անց 36 ամյա Սերենան բարկությունից կոտրեց իր թենիսի ռակետը, որի արդյունքում նրա հակառակորդը կրկին միավոր վաստակեց: Սերենան առերեսվել էր ոչ միայն դատավորի խիստ նկատողություններին, այլ նաև հիանալի խաղ ցուցադրող Օսակային, ով փորձում էր իրեն լավագույնս դրսևորել իր կուռքի հետ խաղի ժամանակ:
Սթրեսի և անարդարության արդյունքում Սերենան չկարողացավ զսպել վրդովմունքն ու սկսեց բղավել դատավորի վրա,- «Դու պետք է ինձնից ներողություն խնդրես: Ես իմ ողջ կյանքում երբևէ խարդախություն չեմ արել: Ես աղջիկ ունեմ և ես նրա համար օրինակ եմ ծառայում, ես երբեք խարդախություն չեմ արել: Դու ինձնից միավոր գողացար: Դու նաև գող ես»:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլիամսի և ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի դուստր Ալեքսիսը լույս աշխարհ եկավ անցած տարվա սեպտեմբերի 1-ին: Այս խաղը Ուիլիամսի համար մեծ սպասումների միջոցառում էր, քանզի այն լինելու էր երեխայի ծննդից հետո, իր առաջին խոշոր հաղթանակը:
Դատավորի հետ վիճաբանության արդյունքում վերջինս կրկին պատժել էր Ուիլիամսին և միավորներ փոխանցել Օսակային, ինչի արդյունքում թենիսիստուհին խաղահրապարակ էր կանչել խաղի կազմակերպիչներին և հայտարարել, թե իրեն խտրականության են ենթարկում:
«Դուք խաղն ինձնից խլելու եք, քանի որ ես կի՞ն եմ: Դա ճիշտ չէ: Այստեղ շատ տղամարդիկ կան, ովքեր շատ բաներ են ասել, սակայն քանի որ նրանք տղամարդ են, նրանց չե՞ն պատժում»:
Այս բողոքից հետո Ուիլիամսն ու Օսական շարունակել են խաղը և արդյունքում 6.2 – 6.4 հաշվով ԱՄՆ-ի Թենիսի կանանց բաց առաջնության հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող 20 ամյա Նաոմի Օսական:
Հաղթանակի արարողության ժամանակ հանդիսատեսը սկսել է դժգոհությամբ վանկարկել, իսկ հաղթողը, չկարողանալով զսպել վրդովմունքը, հաղթանակը տոնելու փոխարեն սկսել է արտասվել:
Սերենան իրեն չի կորցրել և իր երկրպագուներին հորդորել է հանդարտվել,- «Մենք սա կհաղթահարենք, եկեք լավատես լինենք: Եկեք շնորհավորենք Նաոմիին և դադարեցնենք վանկարկումները»:
Խաղից հետո Նաոմի Օսկանան հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրեն հուզել էր, թե ինչպես էր իր ամենասիրելի մարզիկը՝ Սերենա Ուիլիամսը իրեն գրկել:
Այնուհետև երիտասարդ չեմպիոնը մեկ այլ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքը տեղյակ չէր, թե ինչ էր կատարվում խաղի ժամանակ:
«Ինձ միշտ սովորեցրել են, որ եթե հակառակորդս բարկանում է, ես չպետք է նրան նայեմ, այլ պետք է մի կողմ շրջվեմ և կենտրոնանամ խաղի վրա: Ես հենց այդպես էլ վարվեցի: Ու երբ երկրպագուները վանկարկում էին, ինձ թվաց թե նրանք ինձ էին վիրավորում: Սակայն Սերենան ինձ գրկեց և ասաց, որ լավ խաղացի»:
Թեև խաղն արդեն հետևում է, Սերենան դեռ առերեսվում է դրա հետևանքների հետ՝ կանոնները խախտելու համար նրան տուգանել են 17,000 դոլարով, իսկ խաղից հետո ավստրալական թերթում տպագրված նրա ծաղրանկարը քննարկումների մեկ այլ ալիք է բարձրացրել:
Ամերիկացիներին բարկացրել է այն, թե ծաղրանկարում ինչպես են պատկերել Ուիլիամսին: Նրանց կարծիքով, սա ռասայական խտրականության դրսևորում է, քանի որ սևամորթ մարզիկին պատկերել են ագրեսիվ, հսկայական մկաններով և գերմարդկային, տգեղ արտաքինով, մինչդեռ դատավորն ու Օսական հետևի ֆոնին պատկերված են նուրբ դիմագծերով և մարդկային հատկանիշներով:
Ծաղրանկարի հեղինակը սակայն հրաժարվում է ներողություն խնդրել պատկերի համար, պնդելով որ այստեղ ոչ մի խտրականություն չկա, և որ ինքը պարզապես պատկերել է Ուիլիամսի կերպարը զայրույթն արտահայտելիս:
Այս ամենի հետ մեկտեղ թենիսի բնագավառի խոշորագույն ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել մարզիկին, նշելով նրա այն փաստարկը, որ սպորտում գենդերային խտրականություն կա:
Թենիսի լեգենդար նախկին չեմպիոն Բիլլի Ջին Քինգը գրել է,- «Իրականում կնոջը զրկել են միավորներից իր իրավունքները պաշտպանելու համար: Կինը սեքսիզմի է ենթարկվել, սակայն խաղը սովորականի պես շարունակվել է»:
Թոշակի անցած թենիսի մեկ այլ չեմպիոն Ջեյմս Բլեիքն ասել է,- «Կարող եմ խոստովանել, որ ես ավելի վիրավորական բաներ եմ ասել դատավորին, սակայն ինձնից միավոր չեն պահել»:
Իսկ նախկին թենիսիստ Փաթրիք Մքենրոյը, թեև բարձրաձայնել է խտրականության մասին, այնուամենայնիվ նկատել է նաև կատարվածում Սերենայի մեղքը:
«Թույլ տվեք ասել, որ Սերենա Ուիլիամսը բոլոր ժամանակների լավագույն կին թենիսիստն է: Սակայն եկեք նաև ընդունենք, որ Նաոմի Օսական հիանալի խաղաց սկզբից մինչև վերջ և հաղթանակ տարավ: Կարծում եմ, խոսելով գենդերային խտրականության մասին, Սերենա Ուիլիամսը չի սխալվում: Ես ականատես եմ եղել միլիոնավոր խաղերի՝ Ռոժե Ֆեդերերի, Ռաֆայել Նադալի, այլ չեմպիոնների և նույնիսկ իմ խաղերի ժամանակ զայրույթ է դրսևորվել: Այսպիսով ես համաձայն եմ, Սերենա Ուիլիամսի հետ երբ նա ասում է, թե դատավորն այլ կերպ կվարվեր, եթե ինքը տղամարդ լիներ, սակայն կարծում եմ նաև, որ Սերենան չպետք է թույլ տար, որ խաղն այդպիսի ընթացք ստանար»,- ասել է Մքենրոյը:
ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիան այժմ հետաքննություն է անցկացնում գենդերային խտրականության առնչությամբ մեղադրանքների շուրջ, սակայն նրանք հայտարարել են, որ պետք է ողջունել երկու հրաշալի մարզիկներին, ովքեր հիացմունքի են արժանի: