Այս և անցած տարի Կալիֆոռնիա նահանգը ականատես եղավ իր պատմության մեջ ամենաուժգին հրդեհներին: Նահանգի որոշ հատվածներ դեռ ողողված են կրակի մեջ:
Մասնագետների մեծ մասի կարծիքով, այս համաշխարհային խնդիրը սրվել է կլիմայի փոփոխության հետևանքով:
Փենն Սթեիթի համալսարանից Մայքլ Մանն ասում է,- «Մենք բառացիորեն տեսնում ենք դրա հետևանքները՝ ուժգին ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտի և անտառային հրդեհների տեսքով»:
Կլիմայի հետազոտողները հավաստում են, որ ամբողջ աշխարհում ածխածնի երկօքսիդի և այլ ջերմոցային գազերի արտանետումները նպաստում են կլիմայի ջերմացմանը:
Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է մոտենում այս հարցին, նա նույնիսկ վերջերս Միացյալ Նահանգները դուրս բերեց 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրից, որի նպատակն է նվազեցնել արտանետումները: Թրամփի կարծիքով, համաձայնագիրը անարդյունավետ է և նվազեցնում է աշխատատեղերը:
Մինչդեռ հետազոտողները ահազանգում են խնդրի մասին։ Նրանց կարծիքով կլիման բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա: Խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության, հրդեհների, արտանետումների և քաղաքների ջերմացման արդյունքում երեխաների, ծերերի և աղքատների շրջանում մահացության ցուցանիշն աճել է:
Սքրիփսի օվկիանոսագիտության համալսարանից Դեն Քայանն ասում է,- «Նահանգային և տեղական իշխանությունները այս հարցին լուրջ են վերաբերվում: Կարծում եմ նրանց ներգրավվածությունը կաճի կլիմայի փոփոխման հետևանքների սրացման արդյունքում»:
Սան Ֆրանցիսկոյում մոտակա օրերս անցկացվելիք միջազգային խորհրդաժողովում կքննարկվեն արտանետումների նվազեցման և վատթարագույն հետևանքներից խուսափելու տարբերակներ: Սակայն այնտեղ հավաքված ցուցարարների խոսքերով, նման քննարկումները բավարար չեն: