Մատչելի հղումներ

Անօրինական ավելի մեծ թվով ներգաղթյալներ են զոհվում Միջերկրականով Եվրոպա ներգաղթելու ճանապարհին


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով Եվրոպա ուղեւորվող ներգաղթյալների թիվը նվազել է, սակայն նրանց շրջանում աճել է մահացածության ցուցանիշը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հրապարակած զեկույցում նշվում է, որ անցած տարի 2276 ներգաղթյալներ են զոհվել, ովքեր Միջերկրական ծովով փորձել են անօրինական եղանակով ներգաղթել Եվրոպա:

Չնայած Լիբիայում առկա անկայուն իրավիճակին, շատերը գալիս են այստեղ՝ Լիբիայից Եվրոպա տեղափոխվելու հույսով: ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության Միջերկրական երկրների հարցերով հատուկ բանագնացը նշում է, որ անօրինական ներգաղթ կազմակերպողները մեծ վտանգի են ենթարկում մարդկանց:

«Ներգաղթողների շրջանում մահացացության դեպքերի աճը կապված է անօրինական ներգաղթ կազմակերպողների գործունեության հետ, ովքեր մարդկանց տեղափոխելու համար դիմում են ավելի ռիսկային տարբերակների, քանի որ Լիբիայի ծովային սահմանապահ ուժերը ուժեղացրել են վերահսկողությունը»,- ասում է Վինսենթ Քոչեթելան:

Զեկույցում նշված է, որ անօրինական ներգաղթի պատճառները մնացել են անփոփոխ:

«Աֆրիկայում դեռևս չկարգավորված է մնում 19 հակամարտություն: Հակամարտություններ կան նաև Մերձավոր Արևելքում, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ իրենց երկրներից: Ու չնայած բազմաթիվ կոչերին, զգուշացումներին ու ներգաղթի վտանգների մասին սոցցանցերում և այլ հարթակներով տարածվող տեղեկություններին, մարդիկ շարունակում են Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ջաները», - ասում է հատուկ բանագնացը:

Այս տարի արդեն զոհվել է ավելի քան 1000 մարդ: Յուրաքանչյուր 18 ներգաղթողներից մեկը զոհվում է: Զեկույցը տեղեկացնում է, որ շուրջ այս տարվա ընթացքում 10 անգամ գրանցվել են դեպքեր, երբ մեկ փորձի ժամանակ ավելի քան 50 մարդ է զոհվել։ Նրանց մեծ մասը փորձել են ներգաղթել Լիբիայից: Նման 7 դեպք գրանցվել է միայն հունիսին:

Facebook Forum

XS
SM
MD
LG