Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Հենց այս տանն է Սարոյանն անցկացրել կյանքի վերջին 17 տարիները, այստեղ է գրել աշխարհահռչակ ստեղծագործություններից մի քանիսը: Վերջին նախապատրաստություններն ավարտվում են, թանգարանը պատրաստ կլինի հյուրեր ընդունել արդեն աշնանը:
Սարոյան house նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանի խոսքով, տուն-թանգարանի հիմնական նպատակն է ապահովել Սարոյանի եւ նրա ժառանգության վերածնունդը: Տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի մոտ, ով 2015-ին տեղեկանալով, որ Սարոյանի տունը վաճառքի է հանվում, որոշում է գնել այն եւ մշակութային կենտրոն ստեղծել: Սակայն, անհրաժեշտ էր գտնել Սարոյանի հսկայական կերպարը բացահայտելու լավագույն միջոցը, նշում է Ավագ Սիմոնյանը.
«Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի թանգարան, որը կլինի նորարարական, իննովացիոն եւ հիմնականում թվայնացված ցուցանմուշներով, որպեսզի հնարավորինս շատ պատմենք Սարոյանի մասին»:
Թանգարանում գործելու է թվայնացված արխիվ, իսկ Սարոյանի ցանկության համաձայն, տուն-թանգարանը նաեւ կծառայի որպես ուսանողների հետազոտությունների կենտրոն: Շարունակվում են նաեւ Սարոյանի թվային հոլոգրամայի ստեղծման աշխատանքները, որին հնարավոր կլինի հարցեր ուղղել:
Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների տնօրեն Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, Սարոյանի տուն-թանգարանի բացումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն ամբողջ հայության այլեւ՝ Ֆրեզնոյի համար.
«Պետք է վերականգնվի Վիլյամ Սարոյանի գրական արժեքը եւ ժառանգությունը, որպեսզի նոր սերունդներ սովորեն իր մասին, իր գործերի մասին»:
Վերջերս Ֆրեզնո տեղափոխված Էնթոնի Մամփր Սարոյանը նշում է, որ ազգանունն իմանալով Ֆրեզնոյում գրեթե յուրաքանչյուրը հիշատակում է ամերիկահայ մեծ գրողին: Էնթոնիի ընտանիքի կյանքում ոչ միայն Վիլյամ Սարոյանի անունն այլեւ գրողն ինքը մեծ դեր է խաղացել: Էնթոնի Սարոյանի պապին իր գիրքը նվիրելիս, Վիլյամ Սարոյանը դրա վրա գրել էր՝ ընտանիքի առաջին բժիշկ Սարոյանին.
«Դրանից ի վեր, եւ հայրս, եւ ես՝ նույնպես բժիշկ ենք դարձել, շարունակելով Վիլյամ Սարոյանի պատվիրանը, կամ էլ, անվանեք այն խորհուրդ»:
Սարոյանի տան արտաքին տեսքը չի փոխվել. Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես եղել է գրողի այստեղ բնակվելու տարիներին: Նույն իր սիրելի ծառերը, որոնց ստվերում Սարոյանը գրում էր իր անկրկնելի տողերը, հիշեցնելով մեզ կյանքի դյուրին ընթացքի մասին:
Facebook Forum