ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին մարտի 1-ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինին, եթե այս ամենը գաղտնազերծվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանը հստակեցրեց, որ այդ գաղտնիությունը վերաբերվում է միայն նախաքննության փուլին: «Դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք, ինչի հիմքով երբ դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել: Իսկ նախաքննության գաղտնիությունը ելնում է և գործի շահերից, և գործով անցնող անձանց շահերից, այդ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է նման պահանջ ներկայացնել»,- եզրափակեց ՀՔԾ պետը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ «մարտի 1-ի քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն»: ՀՀ երկրորդ նախագահը կոչ էր անում հանել նախաքննության գաղտնիքը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ամբողջ ծավալով ներկայացնել նախաքննության ընթացքը: