Ղազախստանում վերջերս կայացած Կասպիան ավազանի երկրների գագաթաժողովին ստորագրվեց ավազանի կարգավիճակի շուրջ համաձայնագիրը: Կողմերը եկել են համաձայնության, որ ավազանի մակերեսը դիտարկվում է որպես ընդհանուր, իսկ ընդերքը՝ բաժանված: Ընդերքի հետ կապված հարցերը կկարգավորվեն երկկողմանի համաձայնագրերով:
Չնայած մասնակից երկրներն ընդգծում են համաձայնագրի աննախադեպ ու հիմնարար նշանակությունը՝ փորձագետներն ունեն այս հարցի շուրջ իրենց վերապահումները:
«Այն ներկայացված չափով արժեք չունեցող պայմանագիր է, չափազանց խորհրդանշական: Երբ ծանոթանում ես բովանդակությանը, ակնհայտ է դառնում, որ այն չի կարգավորում ավազանի հարցի հիմնախնդիրները»,- ասում է Քարնեգիի անվան կենտրոնի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
«Այս պայմանագիրը չի կարգավորում բազմաթիվ կարևոր հարցեր»,- նշում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչաևդ Կազլյարիչը:
Փորձագետներն ընդգծում են պայմանագրի ստորագրման կարևորությունը Ռուսաստանի համար:
«Սա ընդամենը հանրային կարծիք ձևովորող միջոցառում էր, որը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար այս պահին: Այն վկայում է, որ Մոսկվան կարող է համաձայնության հասնել իր հարևան երկրների հետ, ներառյալ՝ բարդ դիվանագիտական հարաբերություններ ունեցող կողմերի»,- նշում է Սթրոնսկին:
«Այս պայմանագիրն ավելի շատ ունի քաղաքական բնույթ, քանի որ այսպիսով Ռուսաստանն ընդգծում է, որ որևէ այլ օտար ռազմական ուժ չի կարող ներկայացված լինել ավազանում, և այս մոտեցման հետ համամիտ է Իրանը»,- ընդգծում է Ռիչարդ Կազլյարիչը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կազլյարիչն ընդգծում է՝ կողմերի միջև համաձայնագիրը երկար դիվանագիտական մի գործընթացի արգասիք է, որի միջոցով փորձ է արվել հնարավորին չափով մոտեցնել կողմերի դիրքորոշումներն իրավական առումով Կասպիական ավազանի ծով, եւ լիճ հանդիսանալու ամենագլխավոր խնդրի շուրջ: Միջազգային իրավունքը հստակ սահմանազատում է ծովերի ու լճերի կարգավիճակների տարբերությունը: Այս հարցը, սակայն, շարունակում է մնալ բաց:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը վստահ չէ, որ համաձայնագիրն ի վերջո կհանգեցնի Ադրբեջան- Թուրքմենստան կասպիական ընդերքով գազատարի կառուցմանը:
«Համաձայնագիրն, այո, տալիս է գազատարը կառուցելու հնարավորոթյուն, սակայն Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև չկան համաձայնություններ սահմանների մասին: Բացի այդ, կասպիական երկրներից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել բնապահպանական հարցեր, և այսպիսով խափանել նախագիծը»,- նշում է Կազլյարիչը:
Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին չի կիսում համաձայնագրի կարևորության հետ կապված կողմերի լավատեսությունը:
«Ես չեմ կարծում, որ համաձայնագիրը կարող է բերել որևէ փոփոխության: Փաստաթղթի բովանդակությունը միտված չէ դրան»,- ընդգծում է Սթրոնսկին:
Փորձագետները որոշակի վերապահումով են մոտենում Կասպիական ավազանում օտարերկրյա ռազմական ուժի ներկայության բացառման մասին համաձայնությանը՝ ընդգծելով, որ որևէ լուրջ քննարկում երբևէ չի ընթացել այստեղ Արևմտյան կամ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության մասին:
Facebook Forum