Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենն ընդունել է բանկային ու հարկային խարդախությունների, ինչպես նաեւ ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքները։ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոբերտ Խուզամիի խոսքերով, 2Օ16 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական եղանակներով ֆինանսավորելու մեղադրանքները շատ լուրջ մեղադրանքներ են։
Քոհենը նաեւ ընդունել է այն մեղադրանքը, ըստ որի վճարել է երկու կանանց, քանի որ այդ կանայք կարող էին հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք բացասաբար կազդեին Թրամփի քարոզարշավի վրա։
Թրամփի մյուս նախկին գործընկեր, նրա ընտրարշավի թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել 18 մեղադրանքներով։
Վերլուծաբանների խոսքերով, երկու այս դեպքերը հավելյալ հնարավորություններ են տալիս հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի հետաքննչական խմբին՝ ուսումնասիրելու համար 2Օ16 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը։
Դեյվիդ Աբրահամի խոսքերով, Մյուլլերի հետաքննությունը հայտնաբերել է Թրամփի շրջապատի միջուկում առկա "փթածությունը, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի գործունեություն է ծավալվել եւ թե ինչպիսի մարդիկ են ընդգրկված եղել Թրամփի ընտրարշավի սրտում՛՛։
Նախագահ Թրամփն ասում է, թե Մանաֆորթի մեղադրանքը չի ապացուցում, որ գաղտնի կապ է եղել Ռուսաստանի եւ նախընտրական իր արշավի միջեւ։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ սեպտեմբերին անցկացվելիք երկրորդ դատավարությունն է, որը պիտի լսի Ուկրաինայում ռուսամետ նախկին կառավարության համար նրա իրականացրած լոբիինգի հետ կապված հարցերը։
Ջորջթաունի համալսարանի դասախոսներից Փոլ Շիֆ Բերմանի խոսքերով, Քոհենն ու Մանաֆորթը շուտով կսկսեն համագործակցել դատախազների հետ եւ այդ ժամանակ է, որ թմբուկի զարկի պես դուրս կգան նոր տեղեկություններ։
Այնպես որ, Մյուլլերի հետաքննչական խումբն այլեւս անհնար է անվանել ՝՝վհուակորս՛՛, ինչպես սովորաբար այն անվանում է Թրամփը։
Չնայած այս ամենին, Թրամփի կարծր աջակիցների շրջանում փոփոխություններ չեն նկատվում։ Նրա հիմնական աջակից զանգվածը մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները գուցե այդպես անդրդվելի էլ մնա։ Սակայն հաջորդ նախագահական ընտրություններում Թրամփը կկորցնի մեծ թվով ձայներ։