Մատչելի հղումներ

Ավելի քան 2 մլն հավատացյալ կայցելի Մեքքա` ուխտագնացության համար


Բազմաթիվ հավատացյալ մահմեդականներ այս օրերին գալիս են ուխտագնացության Մեքքա: Այստեղ նրանք այցելում են մահմեդական սրբավայրեր:

Մեքքայում գտնվող Ջաբալ ալ-Նուր լեռը համարվում է Իսլամի ծննդավայր, ուր ըստ ավանդույթի հաճախակի է այցելել այս կրոնի հիմնադիրՄուհամմեդը:

Այստեղ է գտնվում Հիրա անունով քարանձավը, ուր ավանդության համաձայն Մուհամմեդ մարգարեն տեսել է իր առաջին հայտնությունները, որի արդյունքում հիմնվել է Իսլամը:

Ամեն տարի բազմաթիվ մահմեդականներ գալիս են Մեքքա ուխտագնացության: Ըստ Իսլամի, յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է կյանքում առնվազն մեկ անգամ մասնակցել այս ուխտագնացությանը:

Չնայած Իսլամը պաշտոնապես չի պարտադրում այցելել վերոհիշյալ սրբավայրերը՝ դրանց այցելությունը ուխտագնացների համար դարձել է պարտադիր ծրագրի մի մաս:

«Այս լեռը բարձրանալիս գիտակցում ես, որ մարգարեն պարբերաբար անցել է այս ճանապարհով: Զարմանալի է, թե ինչպես է նա իր կնոջ Խադիջայի հետ այդ տարիքում անցել այս ճանապարհը: Դա ստիպում է քեզ հավելյալ ջանքեր գործադրել այս լեռը հաղթահարելու համար»,- ասում է ուխտագնաց Աբդելմեգիդ Մալեքը Միացյալ Նահանգներից:

Այս լեռան մագլցումը տևում է մոտ 40 րոպե: Հավատացյալները ստիպված են անցնել այս ճանապարհը չափազանց շոգ եղանակին: Այս շաբաթ Մեքքայում միջին ջերմաստիճանը հասել է 42-ի:

«Հիասքանչ է, երբ զգում ես, որ անցել ես մարգարեի ճանապարհով: Պատկերացնում եմ, որքան դժվար էր մարգարեի համար այն տարիներին, երբ չկար որևէ ենթակառուցվածք, հասնել այստեղ Մեքքայից: Չափազանց հուզված եմ, չեմ կարող խոսել»,- ասում է Նոր Զելանդիայից ուխտագնաց Մուհամմեդ Վահեբը:

Մահմեդականները հավատացած են, որ հենց այս քարանձավում է, որ Գաբրիել հրեշտակն այցելել է Մուհամմադին և այստեղից է սկիզբ առնում իսլամի սուրբ գիրք Ղորանը:

Այս տարի ուխտագնացությունը Մեքքա կտևի միչև օգոստոսի 24-ը: Սպասվում է, որ ավելի քան 2 միլիոն հավատացյալներ կայցելեն քաղաքը:

Սաուդյան Արաբիայի ուխտագնացության հարցերով նախարարությունը կոչ է արել ուխտագնացներին չմոռանալ իրենց անվտանգության մասին՝ հաշվի առնելով մարդկանց այն մեծ կուտակումները, ինչի արդյունքում նախկին տարիներին եղել են նաև զոհեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG