Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում օրինազանց դատավորի պատճառով ցրել են ամբողջ դատարանը


Արեւմտյան Վիրջինիայի Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեն Լագրիի մեղադրանքը կործանիչ դարձավ նահանգի ամբողջ վերաքննիչ դատարանի համար: Պետական միջոցներ վատնելու համար Լագրիի դեմ հարուցված քրեական գործով բացահայտվել է, որ նա 363,000 դոլար է ծախսել աշխատասենյակի վերանորոգման համար, այնուհետեւ դատավորը պետական միջոցներից աշխատասենյակի համար 42,000 դոլարով գնել է անտիկ գրասեղան եւ 32,000 դոլարով՝ բազմոց, որոնq սակայն նա տուն է տարել: Ավելին, դատավորն աշխատանքային ավտոմեքենան օգտագործել է սեփական միջոցների համար:

«Ի դեմս դատավոր Լագրիի, դատարանը կորցրեց հասարակության վստահությունը եւ այժմ ենթակա է ցրվելու», - նշում է Արեւմտյան Վիրջինիայի խորհրդարանի պատգամավոր Էնդրյու Ռոբինսոնը:

Հատկանշական է, որ Ալեն Լագրիի դեմ բացված քրեական գործի արդյունքում խախտումներ են բացահայտվել նաեւ նահանգի վերաքննիչ մյուս դատավորների մասով: Այսպես, պարզվեց, որ նույն դատարանի դատավոր Ռոբին Դեյվիսն իր աշխատասենյակի վերանորոգման համար պետական միջոցներից ծախսել է կես միլիոն, դատավոր Բեթ Ուոլքերը՝ 131 հազար , իսկ դատավոր Մարգարեթ Ուորքմանը՝ 111 հազար դոլար:

«Այս դատարանի որոշ դատավորներ նույնիսկ չեն խախտել օրենքը, սակայն, խաթարել են մարդկանց վստահությունը», - նշում է նահանգային պատգամավոր Դենիել Լինվիլը:

Երեքշաբթի Արեւմտյան Վիրջինիայի տեղական պատգամավորները որոշել են ցրել նահանգային Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ՝ հասարակության վստահության կորստի պատճառով: Դատարանի դատավորների դեմ գործեր են հարուցված ընդհանուր առմամբ 23 դրվագներով:

«Անշուշտ, տեղի ունեցածը ողբերգություն է, սակայն, կարծում եմ, որտեղ կա ողբերգության գիտակցում, այնտեղ կարող է լինել հաղթանակ», - նշում է Էնդրյու Ռոբինսոնը:

Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջիմ Ջասթիսը ժամանակավոր դատավորներ կնշանակի, որոնց կփոխարինեն նոյեմբերին նշանակված ընտրություններում հաղթող դատավորները:

Facebook Forum

XS
SM
MD
LG