Մատչելի հղումներ

Վիրջինիա նահանգում օգնում են անօթևաններին


ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում անօթևան մարդկանց թիվը հասնում է 1.6 միլիարդի: 2017 թվականին միայն, յուրաքանչյուր օր,ԱՄՆ-ում մոտ 554,000 անօթևանններ հարկադրված գիշերել են փողոցում: Այս թիվը շարունակում է աճել:

Հյուսիսային Վիրջինիայի խիտ անտառներով անցնելիս՝ Ռիչարդը հիշում է իր ոչ այնքան հեռավոր անցյալը:

«Դե, ինչպես տենում եք, սա իմ վրանն էր ...», - ասում է Ռիչարդը, ով անցյալում անօթևան էր:

Նա աշխատանքը կորցնելուց հետո շուրջ երկու տարի այստեղ էր բնակվում:

«Ինձ վտարեցին և այդպես մի բանը հանգցրեց մյուսին և հիմա ես այստեղ եմ», - հավելում է նա:

Ռիչարդի պատմությունը, ինչևէ, երջանիկ ավարտ ունի: Վիրջինիա նահանգում գործող՝ անօթևան մարդկանց օգնություն տրամադրող «Սթրիթլայթ» հասարակական կազմակերպության շնորհիվ նա այժմ և՛ բնակարան ունի, և՛ աշխատանք:

Մարդիկ անօթևան դառնում են տարբեր պատճառներով. այս խնդրի լուծումը բարդ է ու պայմանավորված բազմաթիվ գործոններով, բայց առաջին հերթին՝ մատչելի բնակարանների բացակայությամբ:

«Ես բավարար չեմ վաստակում բնակարանի վարձը վճարելու համար», - ասում է Ֆրենկին:

Ֆրենկին դեռ շարունակում է ապրել անտառում իր երկու շների հետ:

«Նրանք սովորաբար քնած են այս ժամին, քանի որ ես աշխատանքի եմ», - հավելում է նա՝ շարունակելով իր միտքը:

«Սթրիթլայթ» կազմակերպությունը օգնում է սահմանափակ կարողություններով մարդկանց բնակարան գտնելու հարցում: Կազմակերպությունն այս նպատակով վարձակալում է վեց բնակարան և երեք տուն իր շահառուների համար:

Լերին, ով նույնպես չորս տարի ապրում էր անտառում, հիմա երեք նախկին անօթևանների հետ բնակվում է հարմարավետ տանը:

«Ես ավտովթարի ենթարկվեցի: Շատ լուրջ վնասվածք ստացա: Նրանք հոգ էին տանում իմ մասին: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում », - ասում է «Սթրիթլայթ» հասարակական կազմակերպության ծրագրի շահառու Լերին:

Նշված կազմակերպությունը աշխատում է նաև նահանգային իշխանությունների հետ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարան և աջակցություն տրամադրելու նպատակով:

Պետական-մասնավոր ընկերությունների ջանքերը դանդաղորեն սկսում են դրական ազդեցություն ունենալ:

«Եթե ինձ հաջողվի ծրագիրն իրականություն դարձնել՝մատչելի բնակարանային ծրագիրը, մշտական բնակարանային աջակցության ծրագրերը, կարծում եմ, մենք կկարողանք զգալի փոփոխությունների հասնել և որոշակի քայլեր կատարելով` նվազեցնել անօթևան մարդկանց թիվը», - ասում է Վիրջինիա նահանգի Պրինց Վիլիամ մարզի սոցիալական ծրագրերի քարտուղարության աշխատակից Թոնի Թուրնաժը:

«Սթրիթլայթ» հասարակական կազմակերպության մտադիր է անտուն մարդկանց նաև տրամադրել որպես նվիատվություն ստացած իրեն պատկանող հողատարածքը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի միջոցով աջակցել անօթևան մարդկանց մտավոր և ֆիզիկական առողջության խնդիրների լուծմանը:

Կազմակերպությունը նաև աջակցում է բազմաթիվ կարիքավորների սննդի ապահովման հարցում:

«Ես անտառում վրանում էի ապրում, իսկ հիմա՝ իմ տանը: Ես աշխատանք ունեմ: Ես կարողանում եմ հոգալ իմ տարրական կարիքները: Նրանք փաստացիորեն օգնեցին ինձ ոտքի կանգնել և կրկին ինքնավստահություն ձեռք բերել», - ասում է «Սթրիթլայթ» հասարակական կազմակերպության ծրագրի շահառու Ռիչարդը:

Ռիչարդը հուսով է, որ իր պատմությունը կոգեշնչի շատերին ու կօգնի հավատալ, որ անօթևաննների խնդիրները նույնպես հաղթահարելի են:

XS
SM
MD
LG