ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում երեքշաբթի օրը սկսվեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի դատավարությունը։
Վերջինիս նկատմամբ ներկայացվել է քրեական, այդ թվում բանկային խարդախություններ իրականացնելու մասին 18 մեղադրանք, որոնք, ապացուցվելու դեպքում սպառնում են մինչեւ 3Օ տարվա ազատազրկմամբ։ Դատախազները պնդելու են, որ նրա ճոխ կյանքի մակարդակը չի համապատասխանում պետությանը նրա մուծած հարկերի չափի հետ։
Մինչեւ 2Օ16 թվականին Թրամփի թիմին միանալը, Մանաֆորթն աշխատել է նախագահի հանրապետական մի քանի թեկնածուների, այդ թվում Ջերալդ Ֆորդի եւ Ռոնալդ Ռեյգանի թիմերում։
Սակայն Դոնալդ Թրամփի թիմում աշխատելու ընթացքում էր, որ նրա դեմ հնչեցին բազում մեղադրանքներ հատկապես Ուկրաինայում նրա գործունեության հետ կապված։ Ըստ մեղադրանքների, Ուկրաինայի ռուսամետ նախկին նախագահի համար խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց ստացած միլիոնավոր դոլարների մասին նա չի տեղեկացրել ԱՄՆ-ի հարկային գերատեսչությանը։ Ուկրաինայում եւ ռուսների հետ Մանաֆորթի գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն դատավարության ընթացքում։ Նրանք ներկայացնելու են փաստեր այն մասին, թե ինչպես է բանկի բարձրաստիճան մի պաշտոնյա օգնել Մանաֆորթին ստանալ 16 միլիոն դոլարի վարկ, փոխարենն աջակցություն ստանալով դիրքեր գրավելու համար Թրամփի նախընտրական թիմում եւ նրա վարչակազմում։
Արդեն ներկայացվել է 5ՕՕ վկայություն, այդ թվում թանկարժեք ժամացույցների ու շքեղ տների մասին վկայություններ, ինչի համար որպես վկա դատարան կհրավիրվի մոտ 35 մարդ։
Բոլոր մեղադրանքները ներկայացված են ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունն ուսումնասիրող հատուկ հետաքննչական խորհրդի կողմից, որը ղեկավարում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռորբերթ Մյուլլերը։ Վերջինս արդեն իսկ մեղադրանք է ներկայացրել 32 անձանց եւ երեք ընկերությունների։
Մանաֆորթի դեմ մեղադրանքներ ներկայացվելուց ի վեր նախագահ Թրամփն իր համակրանքն է արտահայտել Մանաֆորթի նկատմամբ՝ նրան անվանելով ՝՝լավ տղա՛՛։ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին էլ ակնարկել է, որ Թրամփը կարող է ներում շնորհել Մանաֆորթին, եթե վերջինս ճանաչվի մեղավոր։
Մանաֆորթի երկրորդ դատավարությունը կանցկացվի սեպտեմբերին՝ կապված Ուկրաինայում նրա իրականացրած լոբիինգի աշխատանքների հետ։
Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավարի դեմ հարուցված են այլ մեղադրանքներ եւս։