Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի նախկին փաստաբան. «Նախագահը տեղյակ էր ռուսների հետ հանդիպումից»


Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհեն
Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհեն

Վերջին օրերին աշխուժացան քննարկումները Ռուսաստանի վերաբերյալ գործի քննության շուրջ: Նախագահ Թրամփի նախկին փաստաբանը հայտարարեց, որ նախագահը տեղյակ էր դեմոկրատների թեկնածու Քլինթոնի մասին տեղեկության տրամադրման նպատակով ռուս գործիչների հետ հանդիպումներից

Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենն արել է ուշագրավ հայտարարություն,՝ պնդելով, որ նախագահ Թրամփը տեղյակ էր իր հարազատների ու ռուսաստանցի գործիչների միջև նյույորքյան իր հյուրանոցում՝ Թրամփ Թաուերում տեղի ունեցող հանդիպման մասին: Հիշեցնենք, որ հանդիպումը նվիրված էր դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին բացասական տեղեկության տրամադրմանը: Որոշ աղբյուրների համաձայն Քոհենն այժմ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի վերաբերյալ դաշնային հետաքննչական խմբի հետ:

Նախագահ Թրամփը բազմիցս հերքել է այս հանդիպման մասին տեղեկացված լինելու մեղադրանքները: Նրա փաստաբաններն այժմ պատրաստվում են հայցով դիմել դատարան ընդդեմ Քոհենի:

«Չգիտեմ ինչ է պատահել նրան: Մի քանի ամիս առաջ նա նման սուտ տեղեկություն չէր տրամադրում: Ես չգիտեի, որ նա այնպիսի փաստաբան է, ով գաղտնի ձայնագրում է իր պաշտպանյալին»,- նշել է Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին:

Հիշեցնենք, որ մեկ այլ սկանդալի շրջանակում Մայքլ Քոհենը, ով երկար տարիներ ներկայացրել է Թրամփի շահերը, հայտնել էր, որ իր տրամադրության տակ կա ձայնագրույուն, ուր Թրամփը քննարկում է Playboy ամսագրի մոդելին վճարելու հարցը:

Նախագահ Թրամփը ևս արձագանքել է Քոհենի հայտարարությանը: Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ տեղյակ չի եղել իր որդու`՝ Թրամփ կրտսերի հանդիպման մասին և մեղադրել Քոհենին նման պատմություն հորինելու մեջ:

Այս առումով դեռևս լռում է Ռուսաստանի վերաբերյալ նախաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը: Միևնույն ժամանակ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բարձր դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովում, ևս մտահոգություն է հայտնել այս առիթով:

Իր հերթին հանրապետական կողմն ընդգծում է, որ Թրամփի անցյալի վրա այդչափ մամուլի կենտրոնացումը խանգարում է կենտրոնանալ ընթացիկ վտանգների ու խնդիրների վրա:

«Պետք է գիտակցենք, որ ռուսները փորձում են ներգրավվել մեր ընտրություններին բոլոր միջոցներով և օգտագործել այս ամենն ընդդեմ մեր ժողովրդավարության: Այս ամենը պարտադրում է պատժամիջոցների պահպանում և մեր կառավարության կողմից` արագ արձագանք»,- նշում է հանրապետական սենատոր Ջեյմս Լանկֆորդը:

Իսկ Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը շարունակում է իր աշխատանքները: Նախագահ Թրամփի մերձավոր շրջապատի նախկին մի շարք ներկայացուցիչներ ներգրավված են այս հետաքննության շրջանակում և որոշ աղբյուրների համաձայն ակտիվորեն համագործակցում են հետաքննչական խմբի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG