Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրերս այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հավաքը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Մասնակիցների շարքում էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Չափազանց կարևոր նախաձեռնություն է: Հաշվի առնելով մեր տարածաշրջանը, մենք այստեղ բավականին մեծ հետաքրքրություններ ու շահեր ունենք», - նշել է նախարարը:
Հավաքի ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք պետք է նպաստեն կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:
«Խոսվեց կրոնական փոքրամասնությունների հիմնադրամ հիմնելու ու ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների մասին, որին մենք պատրաստակամություն ենք հայտնել աջակցել մեր ուժերի սահմաններում»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը:
Ելույթ ունենալով Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը՝ Հայաստանի արդարադատության նախարարն ընդգծել է միջոցառման կարևորությունը:
«Հայաստանում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է ունենալ խղճի, կրոնի ու համուզմունքի ազատություն: Դա գիտենք մեր պատմական տխուր անցյալից , երբ պետության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը հետապնդվել է շատ հաճախ կրոնի և հայ լինելու համար»,- հայտարարել է Զեյնալյանը:
Մտահոգություն հայտնելով Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է ազգային և կրոնական փոքրամասնություններին ապաստան տրամադրելու քաղաքականությանը;
«Վերջին մի քանի տարիներին ընդունել ենք շուրջ 20 000 ներգաղթյալ և դասվել մեկ շնչի հաշվարկով ամենաշատ փախստական ընդունած երկրների շարքին»,- նշել է արդարադատության նախարարը:
Նա քննադատել է Հայաստանի և հայկական հոգևոր մշակույթի նկատմամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ հեղափոխությունից հետո հաստատված նոր Հայաստանում հանդուրժողականությունն առանցքային արժեքներից է:
Կրոնական ազատությունների վերաբերյալ այս համաժողովի շրջանակներում արդարադատության նախարարը քննարկումներ է ունեցել հավաքին մասնակից այլ երկրների պատվիրակների հետ, Նա նաև զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված խնդիրների մասին արդարադատության նախարարն ասում է.
«Մեզ մոտ իրավիճակն ավելի բարվոք է՝ համեմատած այլ երկրների հետ, որոնք չեն հրավիրվել համաժողովին իրենց երկրներում կրոնական ազատությունների խնդիրներով պայմանավորված»:
Նախարարը հավաստիացնում է, որ Հայաստանի իշխանությունները ,շտապես ուշադրության կենտրոնում են պահում այս հարցերի շուրջ հրապարակվող տեղական և ոչ տեղական կառույցների զեկույցները:
Facebook Forum