Հուլիսի 31 կմեկնարկի Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավար, բանկային և հարկային խարդախությունների մեջ մեղադրվող Փոլ Մանաֆորտի աղմկահարույց դատավարությունը:
Նախքան Թրամփի նախընտրական թիմին միանալը՝ 2016 թվականի մարտ ամիսը, Փոլ Մանաֆորտի անունը չէր շահարկվում լուրերի վերնագրերում: Մանաֆորտը Վաշինգտոնում զբաղվում էր լոբբինգով և քաղաքական խորհրդատվությամբ:
Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավարի պարտականությունները Մանաֆորտը վայր դրեց 2016-ի օգոստոս ամսին:
«Փոլ Մանաֆորտը հիանալի աշխատանք է կատարել», - հայտարարել էր Թրամփը:
Մանաֆորտը վերստին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իր արտասահմանյան բիզնես գործունեության և Ուկրաինայի նախկին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին խորհրդակցական ծառայություններ մատուցելու համար:
Հիշեցնենք, որ Փոլ Մանաֆորտն ու Գեյթսը մեղադրվում են դավադրության, փողերի լվացման, կեղծ հայտարարություններ տարածելու մեջ: Մանաֆորտը մեղադրվում է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ռուսամետ քաղաքական կուսակցության օգտին լոբբինգ իրականացնելու մեջ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնալսում էր Մանաֆորտին 2014 թվականից: Անցյալ տարի Թրամփի շրջապատի և Կրեմլի միջև եղած հնարավոր կապերի հետաքննության շրջանակներում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն Մանաֆորտի տանը խուզարկությունն էր իրականացրել վաղ առավոտյան, առանց նախազգուշացման: Ավելի ուշ նրան մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին և նա ձերբակալվեց այս տարվա հունիս ամսին՝ արդարադատությանը խոչընդոտելու համար:
Թրամփն արագորեն փոքրացրեց իր թիմում Մանաֆորտի ունեցած դերը.
«Փոլ Մանաֆորտը շատ կարճ ժամանակ է աշխատել է ինձ համար, նա աշխատել է Ռոնալդ Ռեյգանի համար, աշխատել է Բոբ Դոյլի, Ջոն Մաքքեյնի և շատ այլ հանրապետականների համար: Ինձ համար նա ընդամենը 49 օր է աշխատել, շատ կարճ ժամանակ»:
Մանաֆորտի նախկին գործընկեր և նախընտրական արշավի փոխնախագահ Ռիք Գեյթսը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի դեմ դավադրություն իրականացնելու և քննիչներին ստելու համար: Նա այժմ համագործակցում է Հետաքննություններին դաշնային բյուրոյի հետ Թրամփի շրջապատի և Կրեմլի միջև եղած հնարավոր կապերի հետաքննության շրջանակներում:
Ըստ ԱՄՆ-ի դատախազների՝ Մանաֆորտը, Գեյթսի օգնությամբ, ավելի քան 30 միլիոն դոլար է լվացել և օգտագործել գաղտնի օֆշորային հաշիվներում պահվող այդ գումարները ցոփ ու շվայտ կյանք վարելու համար:
Նշենք, որ այս մեղադրանքները չեն առնչվում ԱՄՆ-ի 2016 նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի թիմի և Կրեմլի միջև գաղտնի նախահամաձայնության գործի հետաքննության հետ:
Ուկրաինայի իշխանությունները Յանուկովիչի կուսակցությունից ավելի քան 12 միլիոն դոլարի բանկային փոխանցումների փաստաթղթեր են հայտնաբերել, սակայն որևէ ստացական կամ այլ ապացույց չեն գտել առ այն, որ Փոլ Մանաֆորտը ստացել է այդ գումարը:
Բանկային և հարկային խարդախությունների մեջ մեղադրվող Մանաֆորտը շարունակում է հերքել իրեն առաջադրված մեղադրանքները: Մանաֆորտի դեմ վկայություն տվող անձանց թիվը այս պահին հասնում է 30-ի: Դատավարությանը կմեկնարկի հուլիսի 31-ին: