Մատչելի հղումներ

Թրամփը կոչ է անում Էրդողանին ազատ արձակել Բրանսոնին


Էնդրյու Բրանսոն
Էնդրյու Բրանսոն

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունը, ում Թուրքիան մեղադրում է լրտեսության և ահաբեկչության մեջ, շարունակում է խոչընդոտել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Թուրքիայի դատարանը մերժել է Բրանսոնի խափանման միջոցի փոփոխման հայցադիմումը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ազատ արձակել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, ում թուրքական իրավապահները մեղադրում են լրտեսոսւթյան և ահաբեկչության մեջ: Քահանան երկու տարի է արդեն գտնվում է անազատության մեջ Թուրքիայում՝ սպասելով իր գործի առնչությամբ դատական լսումներին:

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել Էնդրյու Բրանսոնի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը և երեք անգամ մերժել է քահանայի հայցադիմումը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Բրանսոնն այս որոշումը որակել է ամոթալի:

Քահանան վերջին 20 տարին բնակվում է Թուրքիայում: Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներին աջակցելու մեջ: Մեկ այլ դրվագով թուրք իրավապահները Բրանսոնին են մեղադրում Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Բրանսոնը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Նաշվիլում տեղակայված Արդարության և օրենքի ամերիկյան կենտրոնը, որը փաստաբանական ծառայություններ է տրամադրում Բրանսոնին, նշում է, որ 2016 թվականից ի վեր, երբ քահանա Բրանսոնը հայտնվեց անազատության մեջ, թուրքական կողմն այդպես էլ չներկայացրեց քահանայի անօրինական գործունեության մասին որևէ ապացույց: Կենտրոնի փորձագետները համուզված են, որ Բրանսոնի ազատ արձակումը հնարավոր է միայն ամերիկյան կողմի դիվանագիտական ճնշումների արդյունքում, քանի որ ըստ իրենց, իրավական դաշտում խնդիրը չի ստանա արդարացի լուծում:

Facebook Forum

XS
SM
MD
LG