ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ելույթ ունենալով ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգի հետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ''Հյուսիսային հոսք'' գազամուղի կառուցման արդյունքում, որով Բալթիկ ծովով ռուսական գազը ուղիղ կմատակարարի Գերմանիային, Եվրոպայի ամենահարուստ ու հզոր ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Գերմանիան, ամբողջապես կհայտնվի Ռուսաստանի ազդեցության և վերահսկողության ներքո:
Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծ քանակությամբ գազ և նավթ է ստանում Ռուսաստանից, որի արդյունքում բարձիթողի վիճակում են հայտնվել երկրի ածխի հանքերն ու միջուկային էներգիայի ոլորտը: Այս հարցը, ըստ նախագահի, պետք է գտնվի ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում:
Գերմանիան Եվրոպայի ամենամեծ գազ սպառող երկիրն է: Ռուսական գազի մասնաբաժինը կազմում է ներկրվող գազի շուրջ կեսը, որը ընդհանուր երկրի ներկայիս էներգետիկ ոլորտի շուրջ 20 տոկոսն է: Հաշվի առնելով, որ Գերմանիան աստիճանաբար հրաժարվում է միջուկային կայաններից՝ կանխատեսվում է, որ բնական գազի պահանջարկը մոտ 5 տարիների ընթացքում կաճի մեկ տոկոսով:
''Հյուսիսային հոսք'' գազատարի ընդլայնումը և դրա երկրորդ ճյուղի կառուցումը, որը կավարտվի 2019 թվականին, կկրկնապատկի ռուսական գազի արտահանման ծավալները:
Նախագահ Թրամփը պնդում է, որ դրանով Ռուսաստանը կստանա Եվրոպայի նկատմամբ մեկ այլ կարևոր աշխարհաքաղաքական լծակ: ԱՄՆ-ի նախկին նախագահները, ներառյալ Օբաման և Բուշ կրտսերը, ևս դեմ էին ''Հյուսիսային հոսք'' նախագծին:
Ամերիկյան վարչակազմը մշտապես հորդորել է գերմանական կողմին փոխարենը գնել ամերիկյան հեղուկ բնական գազ և այսպիսով նվազեցնել կախվածությունը ռուսական գազատարից, որը անցնում է Ուկրաինայի տարածքով:
''Հյուսիսային հոսք 2'' նախագծին դեմ են հանդես գալիս Լեհաստանն ու Լիտվան: Վերջիններս իրենց տարածքում կառուցել են հեղուկ գազի ընդունման կայաններ՝ նպաստելով ամերիկյան գազի մատակարարմանը: Հետխորհրդային այլ երկրներ, ներառյալ Ուկրաինան, Լատվիան և Էստոնիան, ևս բարձրաձայնում են, որ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության մեծացումը նպաստում է Մոսկվայի ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությանը և բացասաբար է ազդում եվրոպական անվտանգության վրա:
Հիշեցնենք, որ նախկիում Մոսկվայի և Կիևի միջև ռուսական բնական գազի տարանցման գների հարցում եղել են հակասություններ: 2009 թվականին նման հակասության արդյունքում գազի մատակարարումը Արևմտյան Եվրոպա դադարեցվել էր ձմեռվա կեսին:
Լեհաստանն ու Ուկրաինան պնդում են, որ ''Հյուսիսային հոսք 2'' նախագծի միջոցով Մոսկվան ոչ միայն կխուսափի տարանցիկ վճարումներ կատարելուց, այլ նաև հնարավորություն կստանա ճնշում գործադրել Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ առանց վտանգելու գազային իր համաձայնությունները Արևմուտքի հետ:
Վերլուծաբանները կարծում են, որ ''Հյուսիսային հոսք 2'' նախագիծը հակասում է Եվրամիության պաշտոնական էներգետիկ ռազմավարությանը, որը պետք է միտված լինի էներգետիկ աղբյուրների, ճանապարհների ու բաշխման ցանցերի դիվերսիֆիկացմանը:
''Հյուսիսային հոսք'' նախագիծը մասնավոր է, որին մասնակցում են այնպիսի էներգետիկ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ''Shell''-ը, ''Գազպրոմն'' ու մի շարք այլ ընկերություններ Ավստրիայից, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, ի պատասխան նախագահ Թրամփի քննադատությանը, հայտնել է, որ ինքը դեռ մանկության տարիներից քաջատեղյակ էր, թե ինչ է նշանակում ապրել խորհրդային վերահսկողության ներքո, սակայն ընդգծել է, որ էներգետիկ համաձայնությունները Մոսկվայի հետ չեն դարձնում Գերմանիային Ռուսաստանի պատանդ՝ ընդգծելով միավորված Գերմանիյաի անկախ քաղաքականության ու որոշումներ կայացնելու իրավունքի կարևորությունը:
Հիշեցնենք, որ Մերկելին նախորդած գերմանական կանցլեր Գերհարդ Շրյոդերը Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամն է և դեռևս 2005 թվականին մեծ ջանքեր է գործադրել ''Հյուսիսային հոսք'' նախագծի իրականացման հարցում: Հետագայում նա դարձել է դրա բաժնեմասային խորհրդի անդամ, իսկ այնուհետև ստանձնել ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող ''Ռոսնեվթ'' նավթային ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը:
Եվրոպական քաղաքական գործիչները բազմիցս կոչ են արել ներառել նախկին կանցլերի անունը պատժամիջոցային ցանկերում, սակայն առասյօր դա տեղի չի ունեցել:
Չնայած ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է, որ ''Հյուսիսային հոսք 2'' նախագծին մասնակցող ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցներին՝ նախագիծը շարունակում է իր աշխատանքները: Նախատեսվում է այն ավարտին հասցնել հաջորդ տարի:
Վաշինգտոն-Բեռլին բախում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ''Հյուսիսային հոսք 2'' ռուսական գազատարի շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը ռուսական գազային նախագծում Գերմանիայի ներգրավվածության մասին ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի ամենաթեժ թեմաներից է՝ հատկապես հաշվի առնելով գալիք ռուս-ամերիկյան գագաթաժողովը:
Facebook Forum