Վերջին վեց շաբաթների ընթացքում Հարավային Թեքսասի բնակիչները լուռ հետևում էին, թե ինչպես է Թրամփի վարչակազմի «զրո հանդուրժողականություն» ներգաղթի քաղաքականությունը պառակտում իրենց բազմամշակույթ համայնքի ընտանիքները:
Հարավային Թեքսասի բնակիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհը, ցնցված են վերջին օրերին համացանցում տարածված՝ ԱՄՆ-ի սահմանը ապօրինաբար հատել ցանկացող ծնողներից բաժանված լաց լինող երեխաների պատկերներից:
Գրանդե Վալեյի բնակիչ Պատրիցիա Բաեզի խոսքով՝մարդիկ հատում են սահմանը՝ հավատալով «Ամերիկյան երազանքին»:
Թեև Թրամփի ստորագրած հրամանը ոմանց կողմից որպես աննշան մարդասիրական հաղթանակ է ընկալվում՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ներգաղթի այլընտրանքային ծրագիր բարոյական և իրավական մտահոգություններ է առաջացնում:
Էֆրին Օլիվարեսը աշխատում է «Թեքսասի քաղաքացիական իրավունքների նախաձեռնություն» իրավապաշտպան կազմակերպությունում, որը քրեական հանցանքները քննող տեղական դատարանում աջակցություն է տրամադրում մեծ թվով ապաստան հայցողների և երեխաներից բաժանված ծնողների:
«Այն օրը, երբ մենք դատարան գնանք և մեզ վստահեցնեն, որ ոչ ոք չի բաժանվել իր երեխայից, մենք կարձանագրենք, որ ամեն ինչ կարգին է: Իսկ նախքան այդ մենք պետք է գրանցենք բոլոր մարդկանց ստույգ թիվը, քանի որ առանց դրա հստակ պատկերացում չենք ունենա, թե նրանք քանիսն են ու ինչ է տեղի ունենում: Եվ նրանք անհետ կկորեն ԱՄՆ-ի ներգաղթի ծառայության թղթաբանութան մեջ», - ասում է Էֆրին Օլիվարեսը:
Թեքսասի ՄքՔալեն քաղաքի բնակիչները՝ տարբեր հավատքի խմբեր ներկայացնող հարյուրավոր հավատացյալներ, հավաքվել էին աղոթելու մայիսի 5-ից առայսօր իրենց ծնողներից բաժանված ավելի քան 2000 երեխաների համար, ում ճակատագիրը դեռևս մնում է անորոշ:
Թեքսաս նահանգի Ռիո Գրանդեի շրջանի Կաթոլիկ բարեգործական ընկերությունից Կարմեն Սիլվայի խոսքով, լատինամերիկացիների համայնքը չի լռելու ու իր ձայնը լսելի է դարձնելու, իսկ Միրաջ Քիդվայը պատմում է, որ բազմաթիվ ներգաղթյալների արտաքսել են Էլ Սալվադոր առանց իրենց երեխաների:
Հարավային Թեքսասի բազմամշակույթ համայնքի մյուս ներկայացուցիչները կոչ են անում պատասխանատվության ենթարկել Թրամփին իր վարչակազմի որդեգրած ներգաղթի քաղաքականության համար: