Մատչելի հղումներ

Պաղեստինցիները 45 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ


Պաղեստինցի զինյալները չորեքշաբթի օրը Գազայի հատվածից 45 հրթիռ են արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ, որին ի պատասխան՝ Իսրայելի օդուժը հրթիռակոծել է ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող 25 թիրախ:

Գազայի սահմանին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նոր թափ ստացավ երեք ամիս առաջ՝ նախքան Յերուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը:

Փորձագետների կանխատեսումներով, բռնությունների նոր ալիքը կարող է ավելի սրվել առաջիկայում՝ հաշվի առնելով, որ պաղեստինցիները ակտիվորեն ոչնչացնում են իսրայելցիներին պատկանող դաշտերում աճող մշակաբույսերն ու բերքը:

ՀԱՄԱՍ-ը այս գործողությունները բնորոշել է որպես մարտի վերջին Գազայի սահմանին խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված իսրայելական ագրեսիայի պատասխան:

Հիշեցնենք, որ Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը մայիսի 14-ին ուղեկցվել էր Գազայի սահմանին սկիզբ առած արյունալի բախումներով և Իսրայելի զինված ուժերի կողմից առնվազան 125 պաղեստինցի ցուցարարների սպանությամբ:

Իսրայելական կողմը ներկայումս գործում է զգուշավորթյամբ՝ չցանկանալով ավելի լարել իրադրությունը և վնասել խաղաղ բնակչություանը, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մահմուդ ալ-Զարխը հայտարարել է, որ պաղեստինցիները չեն ցանկանում պատերազմել, բայց նաև զգուշացրել է, որ Իսրայելի օդուժի շարունակական հրթիռակոծությունները կարող են պայթունավտանգ իրավիճակ առաջացնել:

Նշենք, որ Իսրայելը Երուսաղեմը համարում է իր հավերժական և անբաժանելի մայրաքաղաքը՝ ցանկանալով այնտեղ տեսնել օտարերկրյա բոլոր դեսպանատները, մինչ պաղեստինցիները ցանկանում են, որ Երուսաղեմի արևելյան հատվածը ճանաչվի որպես ապագա անկախ Պաղեստին պետության մայրաքաղաքը:

1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից արևելյան Երուսաղեմի բռնակցումը առայսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից:

XS
SM
MD
LG