Հանրապետականները փորձում են նոր օրինագիծ անցկացնել, որը ըստ նրանց՝ կլուծի ներգաղթի վերաբերյալ Թրամփի վարչակակազմի «զրո հանդուրժողականություն» քաղաքականության արդյունքում տուժած 800 հազար անփաստաթուղթ ներգաղթյալների ճակատագրերը:
Անփաստաթուղթ ներգաղթյալների համար նախատեսված ժամանակավոր կացարաններից 3 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Վաշինգտոնում ստեղծված լարվածության պատճառը Թրամփի վարչակազմի վարած ներգաղթի քաղաքականությունն է:
Ներքաղաքական անզիջում պայքարի մի կողմում Թրամփի թիմն է իր կոշտ դիրքորոշումներով և գործողություններով, իսկ հակառակ կողմում՝ նախագահից դժգոհ և նրա որոշումները սուր քննադատությունների ենթարկող դեմոկրատները:
Վերջիններս ԱՄՆ-ի սահմանը անօրինական եղանակներով հատած ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի գործողությունները որակում են դաժան ու անմարդկային: Թրամփը հակադարձում է՝ մեղադրելով դեմոկրատներին ներգաղթի ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի համար:
«Մենք այժմ ունենք այն շտկելու հնարավորություն, մենք կարող ենք այն ուղղել: Դե, եկե՛ք առաջ շարժվենք: Մենք հնարավորություն ունենք: Մենք ցանկանում ենք լուծել այս խնդիրը, մենք ցանկանում ենք լուծել ընտանիքների բաժանման խնդիրը», - հայտարարել է Թրամփը:
Սակայն այս շաբաթ հնչած հակասական հայտարարությունների համատեքստում, հանրապետականները ցանկանում են վստահ լինել, որ Թրամփը կստորագրի ներգաղթի վերաբերյալ իրենց մշակած օրենսդրական փաթեթը:
«Նա վստահեցրել է մեզ, որ անվերապահորեն աջակցելու է մեր ներկայացրած օրինագիծը», - հայտարարել է հանրապետական օրենսդիր Ռայըն Կոստելոն:
Ըստ հանրապետականների՝ իրենց կողմից առաջարկվող օրինագիծը կավելացնի սահմանային անվտանգության համար նախատեսված բյուջեն, կկանխի անփաստաթուղթ ներգաղթյալների մշտական բնակություն ստանալու հնարավոր ճանապարհները և կլուծի անփաստաթուղթ ներգաղթյալների ընտանեկան բաժանումների հարցը:
Դեմոկրատները, թերևս, չեն վստահում Թրամփի խոստումներին և պնդում են որ, հանրապետականների կողմից մշակված օրինագիծը ոչ թե կլուծի ընտանիքների բաժանման խնդիրը, այլ կավելացնի ԱՄՆ-ի բանտերում անփաստաթուղթ ներգաղթյալների թիվը:
ԱՄՆ-ի օրենսդիրները առաջիկա հինգշաբթի օրը ծրագրում էին ներգաղթի նոր օրինագծի քվեարկություն անցկացնել, սակայն Թրամփը չորեքշաբթի օրը անսպասելիորեն հրաման ստորագրեց, որը ըստ նրա, կնպաստի անփաստաղուղթ ընտանիքների վերամիավորմանը:
Բայց փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ի հարավային սահմանի ներկայիս լարվածությունը անհնար է կարգավորել նախագահի կողմից ստորագրված հրամանի միջոցով:
Թրամփը հավելել է, թե երկընտրանքը նրանում է, որ թույլ գտնվելու դեպքում, որոշ մարդիկ փորձում են օգտվել դրանից: Նա մասնավորապես ասել է՝ «Եթե թույլ գտնվես, միլիոնավոր մարդիկ կգրավեն երկիրդ, իսկ ուժեղ գտնվելու դեպքում՝ նշանակում է, որ դու անսիրտ ես: Ես նախընտրում եմ վերջինը», - հայտարարել է Թրամփը: