Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին


«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին», - այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունն իր մեջ սակայն զգալի ռիսկեր է պարունակում, եւ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը», - նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

Facebook Forum

XS
SM
MD
LG