Յուրաքանչյուր մայիս ամսվա վերջին երկուշաբթի օրը Միացյալ Նահանգներում նշվում է «Հիշատակի օր»-ը: Հիմնական խորհուրդն է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր Ամերիկայի պատմության ընթացքում զոհվել են ռազմական ծառայության ժամանակ:
Պատմականորեն «Հիշատակի օր»-ն առաջին անգամ նշվել է 1865 թվականին, երբ մի խումբ նախկին ստրուկներ Քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո կազմակերպեցին պատերազմի ընթացքում զոհերի հիշատակման ազգային օր: Հետագայում 1971 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես վերածեց «Հիշատակի օրը» դաշնային ոչ աշխատանքային օրվա:
Վաշինգտոնի արվարձաններում գտնվող Արլինգթոնի գերեզմանատանն ամեն տարի այս օրերին հավաքվում են մեծ թվով մարդիկ՝ զոհվածների հիշատակը հարգելու համար: Այստեղ են հանգչում տարբեր պատերազմների ընթացքում զոհված ամերիկացի բազմաթիվ զինծառայողների աճյուններ:
«Միայն այսօր չէ, որ այցելում եմ այստեղ ընկերոջս: Գալիս եմ գրեթե երկու շաբաթը մեկ անգամ»,- ասում է զինծառայող Ֆիլիպ Դորոսեաուն:
Հիշատակման օրն այստեղ են բերվում դրոշներ, որոնք խոնարհում են զոհվածների շիրիմներին:
«Գալիս եմ տեսնելու մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, գալիս եմ խոնարհելու դրոշը նրանցշիրիմներին: Դա կարևոր է ինձ համար»,- նշում է զինվորական Աշանթի Հարիսը:
Այս օրերին այստեղ են գալիս նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս տարվա «Հիշատակի օր»-ն Արլինգթոնի գերեզմանատուն էր այցելել փոխնախագահ Մայք Փենսը:
Գնդապետ Ջեյսոն Գարքին էլ այստեղ էր եկել իր հարգանքի տուրքը մատուցելու զոհվածներին և դրոշներ տեղադրելու բոլոր զինծառայողների շիրիմներին: Նա ընգծում է, որ կարեւոր է յուրաքանչյուր զինվորականի կյանքը:
«Մենք բոլորս զինվորներ ենք, և մեր պարտքն է հիշել նրանց, ովքեր հեռացել են մեզանից: Մենք նրանց պիտի հիշենք նաև այն ընտանիքների փոխարեն, ովքեր չեն կարողացել գալ այս օրերին այստեղ»,- նշում է գնդապետը:
Այստեղ առկա բոլոր դրոշները ծածանվում են ի պատիվ և ի հիշատակ բոլոր զոհված զինծառայողների:
Facebook Forum