Մատչելի հղումներ

Փորձագետ. Հայաստանի առջեւ բացվել է հնարավորությունների եզակի պատուհան


«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ բացել է եզակի հնարավորություն, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշում է ԱՄՆ-ի ազդեցիկ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆ Մանկոֆը: Նրա խոսքով սակայն, նման հնարավորությունն անսպառ չէ.

«Հեղափոխական ոգեւորության այս պահերը հնարավորությունների պատուհան են բացում, սակայն, որոշ ժամանակ անց այդ պատուհանը փակվում է, ինչի ականատեսը դարձանք Ուկրաինայում»:

Ուստի, Հայաստանի նոր իշխանության համար լուրջ արմատական փոփոխություններ անելու ժամանակը հենց հիմա է, համոզված է փորձագետը.

«Քանի դեռ հասարակությունը մոբիլիզացված է, նոր քաղաքական ղեկավարությունը կարող է առաջ քաշել լուրջ բարեփոխումներ»:

Հատկանշական է, նշում է Մանկոֆը, որ Հայաստանի նախկին իշխանություններին այս անգամ չհաջողվեց կիրառել անվտանգության պատրվակը՝ իշխանությունը պահպանելու եւ բողոքի ալիքը սաստելու համար: Պատճառն ապրիլյան քառօրյա պատերազմն է, որի արդյունքները հայ հասարակության համար անհանգստացնող էին.

«Եթե նախկինում իշխանությունները կարող էին կառչել իշխանությունից, ասելով, թե իրենք են Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության ապահովման գրավականը, ապա այդ փաստարկն էլ կորցրեցին»:

Հատկանշական է նաեւ, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որեւէ կերպ չի առնչվել երկրի ռուսամետ կամ արեւմտամետ լինելուն.

«Կարծում եմ, Հայաստանում հեղափոխության դինամիկան Ռուսաստանին ընդհանրապես չէր վերաբերում եւ դրա հետ կապ չուներ»:

Այնուամենայնիվ, ժողովրդավար Հայաստանը, որն ունի անվտանգության խնդիր, Ղարաբաղյան հիմնահարց եւ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ, միեւնույն է սերտ հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, համոզված է Ջեֆ Մանկոֆը: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այստեղից անպայման կավելանա Հայաստանին հատկացվող օգնությունը, որը, հավանաբար, առավել հասցեական կօգտագործվի, սակայն, ժողովրդավարության հաստատման ճանապարհին հիմնական քայլը պետք է անի հայ հասարակությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG