Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միան համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո:
Հայաստանի պարագայում մենք ուսումնասիրել ենք հավաքների ազատության խնդիրը: Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր: Ես որպես Amnesty International-ի ներկայացուցիչ ներկա էին Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին: Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման և ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ:
Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կապված Երևանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա է ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են:
Դեռևս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձևաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին, ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաև ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է:
Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որևէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որևէ բռնություն, չի կատարել որևէ հանցանք և ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ սակայն մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը:
Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք արձանագրել ենք, որ ընդհանուր առմամբ ցույցերն ու հավաքները խաղաղ էին, որը աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես հանդիպում ենք բախումների ու բռնության դեպքերի: Մենք որոշ մտահոգություններ ունենք ոստիկանության գործողությունների կապակցությամբ և արձանագրել ենք մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ: Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց:
Մեր մյուս մտահոգությունն է բերման ենթարկելու օրինականությունը: Մենք ականատես եղանք , որ հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվում վարչական օրինախախտումների համար, ինչպես նաև քրեական ակտիվության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ամենախնդրահարույցը բերման ենթարկվածներին պահելու ժամկետն է: Ըստ Հայաստանի օրենսդրության բերման ենթարկվածներին կարող են պահել ընդամենը 3 ժամ, սակայն շատերն արձանագրում էին, որ ոստիկանությունը նրանց պահել է ավելի երկար ժամանակ:
Մենք նաև արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ անհայտ անձինք մոտեցել են խաղաղ ցուցարարներին և սկսել հարվածել նրանց: Որոշ տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը չի միջամտել և բերման չի ենթարկել հարձակվողներին: Ինչպես մեզ հայտնեցին ցուցարարները, սա ոստիկանության որդեգրած գործելաոճն էր, որով փորձ էր արվում հետ պահել մարդկանց ցույցերից և խոչընդոտել ազատ արտահայտման իրավունքի իրականացմանը:
Amnesty International-ը նաև մտահոգություններ ունի ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառման վերաբերյալ: Մենք արձանագրել ենք նման նռնակների կիրառման առնվազն երկու դեպք վերջին շաբաթներում, որոնք կիրառվել են առանց համապատասխան նախազգուշացման: Արդյունքում մի շարք ցուցարարներ և ոստիկաններ ստացան վնասվածքներ:
Մենք մտահոգություն ունենք նաև մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու հարցում: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը կամ անհայտ անձինք միտումնավոր վնաս են հասցրել քաղաքացիների ավտոմեքենաներին, որոնք օգտագործվում էին ցուցարարների կողմից փողոցները փակելու համար: Վերոհիշյալ բոլոր մտահոգությունները փոխանցվել են մեր կողմից ՀՀ ոստիկանությանը երկու շաբաթ առաջ: Մենք դեռևս չենք ստացել որևէ պատասխան, թե ինչպիսին է ոստիկանության վերաբերմունքը այս մեղադրանքներին և ինչպիսի հետաքննչական գործողություններ են ձեռնարկվում այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք հետաքննությունը այս ուղղությամբ և հույս ունենք, որ իրավախախտողները պատասխանատվության կենթարկվեն:
Facebook Forum