ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քըրտ Վոլքերը ահազանգել է Արևելյան Ուկրաինայում ստեղծված մարդասիրական ճգնաժամի մասին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ դիվանագաիտական ճգնաժամի և պատերազմի հետևանքով Արևելյան Ուկրաինայում շուրջ 3,5 միլիոն մարդ ունի հրատապ մարդասիրական օգնության կարիք:
ՄԱԿ-ը ընդգծում է, որ հակամարտության երկու կողմերում էլ քաղաքացիական բնակչությունը կանգնած է մարդասիրական ճգնաժամի առջև:
Վերջերս արևելյան Ուկրաինա կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քըրտ Վոլքերը այցելել է պատերազմական գոտի և ծանոթացել առաջնագծում բնակվող մարդկանց խնդիրներին:
Նշենք, ոչ հակամարտության գոտում բնակչությունը մշտապես ապրում է ռազմական գործողությունների սպառնալիքների պայմաններում, նկատվում է սննդամթերքի պակաս, տուբերկուլյոզի և այլ համաճարակային հիվանդությունների բռնկումների աննախադեպ աճ:
ՄԱԿ-ը հաղորդում է նաև, որ ապստամբների կողմից վերահսկվող հատվածներում տարեց մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց թոշակները:
Սլովյանսկում՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող համայնքային կենտրոնի բացման ժամանակ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քըրտ Վոլքերը կոչ է արել Ռուսաստանին օգնել ավարտին հասցնել պատերազմը:
«Ողբերգություն է տեսնել, թե ինչպես է հակամարտությունը անդրադառնում մարդկանց կյանքի վրա: Իհարկե, Ռուսաստանը հայտարարում է, որ իր նպատակներից մեկը ռուսալեզու բնակչությանը պաշտպանելն է: Ամենակարևոր օգնությունը այդ բնակչությանը կլինի սեփական զորքերի դուրս բերումը», - հայտարարել է Վոլքերը:
Նշենք, որ չնայած առկա խնդիրներին և սոցիալական մարտահրավերներին՝ հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը դադարեցվել են և հակամարտությունը դուրս է մնացել համաշխարհային ուշադրությունից՝ թողնելով քաղաքացիական բնակչությանը պատերազմական վտանգի և մարդասիրական ճգնաժամի առջև: