Մատչելի հղումներ

Թրամփ-Կիմ Ջոն Ըն հանդիպման ուրվականը


Քադաֆիի օրինակը և «լիբիական մոդելը» ԱՄՆ-ի անկեղծության վերաբերյալ կասկածներ են հարուցել:

Փհենյանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Հյուիսային Կորեայի առաջնորդը կվերանայի՝ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու իր որոշումը:

Կիմ Ջոն Ընի հետ բանակցությունների հետագա ճակատագրի մասին հարցին Թրամփը պատասխանել է:

«Սպասենք, կտեսնենք»:

Ըստ պաշտոնական Փհենյանի՝ Կիմ Ջոն Ընի այս անսպասելի որոշման պատճառը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններն են, որը Կիմ Ջոն Ընը բնորոշել էր որպես Հյուսիսային Կորեա ներխուժելու սադրիչ փորձ: Փհենյանը նաև անորոշ ժամանակով կասեցրել էր Հարավի հետ նախօրեին նախատեսված բանակցությունները:

«Հյուսիսային Կորեան սկսում է սակարկել՝ չնայած ավելի վաղ Փհենյանը գնացել էր զիջումների՝ հայտարարելով, որ ցանկանում է խաղաղություն և հասկանում է, որ զորավարժությունները անհրաժեշտ են: Նրանք նաև պատրաստակամ էին խոսել ապամիջուկայնացման մասին, բայց երևի զգացել են, որ դրա դիմած շատ բան չեն ստանում», - գտնում է Բրուքինգս հաստատության փորձագետ Մայքլ Օ’հանլոն:

Ըստ Փհենյանի՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման նպատակով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝«լիբիական մոդելը» կիրառելու առաջարկը ԱՄՆ-ի անկեղծության վերաբերյալ կասկածներ է հարուցել:

Հիշեցնենք, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվեց 2011 թվականին իր միջուկային ծրագրից հրաժարվելուց հետո՝ երկրում առաջացած ժողովրդական ապստամբության արդյունքում, որի հետևում կանգնած էին ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները:

Չնայած առկա մտահոգություններին՝ որոշ վերլուծաբանները համոզված են, որ Փհենյանը, իրականում, ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, իսկ ոմանք էլ՝ դատելով վերջին օրերի քաղաքական զարգացումներից՝ վստահ են, որ երկար սպասված Թրամփ և Կիմ Ջոն Ըն հանդիպումը հունիսի 12-ին անուամենայնիվ, չի կայանա:

XS
SM
MD
LG