Մատչելի հղումներ

Համաշխարհային մամուլը Հայաստանի նոր վարչապետի ընտրության մասին


Համաշխարհային մամուլն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը:

Հայաստանում ընթացող զարգացումներն ու ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում հայտնվել են արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում: Հայաստանյան զարգացումների վերաբերյալ ծավալուն հրապարակումներով են հանդես եկել բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ:

Ամերիկյան «Los Angeles Times»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով, որը ընդգրկում էր քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվես բարձրաձայնելու երկրում առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ ու հասնելու իշխանության խաղաղ փոխանցմանը:

Իր հերթին ֆրանսիական «France 24» լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի ընտրությամբ հեռացվեց 1999 թվականից իշխանության եկած քաղաքական վերնախավը: Ըստ լրատվամիջոցի, Փաշինյանի գլխավորած բողոքի շարժումը հանրության ուշադրությունը կենտրոնացրեց երկրում տիրող կոռումպացված համակարգի վրա:

Նա ցուցարար էր, իսկ այժմ Հայաստանի վարչապետ: Ահա այսպես է իր հերթին վերնագրել «New York Times»-ը ծավալուն իր հրապարակումը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Պարբերականն ընդգծում է, որ Փաշինյանը մշտապես պայքարել է կոռուպցիայի դեմ, որի արդյունքում դեռևս 1995 թվականին հեռացվել համալսարանից: New York Times մեջբերում է Փաշինյանի մոտեցումը տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ եթե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղի ունեցածը նման է հրաշքի, ապա Փաշինյանի գնահատմամբ այն 20 տարի առաջ մեկնարկած իր ընտրած ուղու գագաթնակետն է:

«Euronews»-ը ևս անդրադարձել է վարչապետ Փաշինյանի նշանակմանը՝ իր հրապարակումը սկսելով նորընտիր վարչապետի ծննդավայր Իջևանի ու նրա արմատների մասին կարճ տեղեկությամբ: Լրատվամիջոցն ընդգծում է, որ պաշտոնաթող ուսուցիչ Վովայի որդի Նիկոլի ի հայտ գալը հայկական քաղաքական օլիմպոսում նշանավորում է հետխորհրդային վերնախավի արատավոր գործունեության դադարեցում: Euronews-ը դիտարկում է այս նշանակումը որպես Հայաստանին տրված հնարավորություն:

Եվրոպական մեկ այլ լրատվամիջոց էլ՝ գերմանական «Deutsche Welle»-ին, իր ծավալուն հոդվածը թավշյա հեղափոխության ու նրա առաջնորդի մասին վերնագրել է հարցադրմամբ , թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի լուծել մարդկանց մտահոգող խնդիրները: Թերթն անդրադառնում է երկրում առկա ծանր սոցիալական վիճակին՝ մեջբերելով հասարակ քաղաքացիների պատմությունները, ուր ասվում է, որ քաղաքացիների համար այս բողոքի ցույցերի հիմնական նպատակը ոչ թե ընդդիմության առաջնորդի իշխանության գալն էր, այլ մարդկանց մոտ կորսված հույսի արթնացումը դեպի իրենց ապագան:

Բրիտանական «The Independent» պարբերականն էլ իր հերթին տարբերակում է հայկական «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը հետխորհրդային այլ քաղաքական ճգնաժամերից, քանի որ նորընտիր վարչապետը խոստանում է պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա բոլոր համաձայնությունները, ներառյալ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ներքաղաքական տեսանկյունից, ըստ բրիտանական պարբերականի, Փաշինյանին սպասում է դժվարին պայքար երկրի տնտեսականն և քաղաքական ոլորտում արմատացած հին կարգերի կողմնակիցների դեմ:

Վերոհիշյալ հրապարակումներից զատ Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմանն ու նորընտիր վարչապետի նշանակմանն անդրադարձել են բազմաթիվ այլ համաշխարհային մամուլի միջոցների, ներառյալ Bloomberg-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, CBS-ը, The Huffington Post- ն ու այլ լրատվամիջոցներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG